Նանսենի անվան այգում թանգարանի կառուցման համար ծառեր չեն կտրվի. Ֆելիքս Բախչինյան
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արբակ Վարդանյանն ի հակադրություն բնապահպանների և տեղի բնակիչների մտահոգություների՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հավատացրեց, որ Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող, Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում թանգարանից բացի որևէ այլ «սպասարկման օբյեկտ չի կառուցվելու»:
Ըստ նրա, թանգարանի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, իսկ նախագիծն հաստատվել է մասնագետների կողմից: Թանգարանը կզբաղեցնի ընդամենը 53 քմ տարածք՝ առանց հարակից ծառերին վնասելու:
Ասուլիսին ներկա «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանն էլ իր հերթին հաստատում է, որ մինչ այս ոչ մի ծառ չի կտրվել և չի կտրվելու, իսկ թանգարանը կառուցվելու է մինչ այս Նանսենի արձանի տեղադրման համար նախատեսված բետոնե հարթակի տեղում: Տարածքը ծառերով շրջափակված լինելու հանգամանքը Ֆելիքս Բախչինյանի խոսքով՝ չի խանգարի տեխնիկա մուտք գործելու համար, քանի որ նրա պնդմամբ՝ կառույցի շինարարությունը կատարվելու է ձեռքովԼ «Կառույցը լինելու է մեկ հարկանի, բաց` ապակեպատ տանիքով: Այնտեղ որևէ տեխնիկա մտնելու անհրաժեշտություն չկա, քանի որ շինարարությունը կատարվելու է ձեռքով»,-ասաց նա:
Նանսենի հիմնադրամի նախագահը նշեց, որ ինքն հանդիպել է բնակիչների հետ: «Տպավորություն է, թե պատվեր են կատարում: Ես նրանցից մեկի հետ հեռախոսազրույց ունեցա, անունն Աննա էր: Հեռախոսազրույցը տևեց 1 ժամից ավելի, համբերատար լսեցի և ասեցի, որ որևէ ծառ չի հատվում, իսկ այն ասեկոսները, թե ինչ-որ այլ շինություն է կառուցվում բացարձակապես կապ չունի իրականության հետ»,-ասաց նա:
Ֆելիքս Բախչինյանի խոսքով՝ թանգարանի համար անհրաժեշտ գումարը տրամադրելու պարտավորությունները հանձն են առել բարերարներ Կառլեն և Սառա Եսայանները, որոնք ընդառաջել են իր խնդրանքին:
Ի դեպ, բնակիչները մինչ այս հայտարարել էին, թե բարեգործության անվան տակ հերթական բիզնես ծրագիրն է իրականացվում: Ըստ նրանց, թանգարանի կողքին է գտնվում Եսայանների որդու ատամնաբուժական կլինիկան և նրանց մտահոգությունն այն է, որ տարածքն հերթական անգամ կօգտագործվի այլ նպատակով, ինչպես նույն տարածքում ոչ վաղ անցյալում ձմեռային այգու փոխարեն կառուցված սուպերմարկետն ու այլ սպասարկման կենտրոններ:
Ի դեպ, ինչ վերաբերվում է հանրային լսումներ չանցկացնելուն, ապա քաղաքապետարանի ներկայացուցիչը նշում է, որ բոլոր դեպքերում չէ, որ հարցը պետք է դրվի հանրային քննարկման: Նա հստակ չնշեց, թե որ շինության դեպքում է հանրային քննարկում անցկացվում, բայց հստակ նշեց, որ նման փոքր չափով տարածքի համար քննարկում չի անցկացվի, հատկապես, երբ դա վերաբերում է թանգարանի:









