Նանսենի թանգարանը կառուցվում է նախկինում բետոնապատված տարածքի վրա. բնակիչները դեմ են արհեստական շահարկումներին (ֆոտո)

13:29 • 20.06.12

Երեկ հունիսի 19-ին ֆոտոլրագրող Գ. Շամշյանը ահազանգ է ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան փողոցին հարակից համանուն զբոսայգում հաստաբուն ծառեր են հատվում՝ շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով։


Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգի հետքերով գնալով՝ նա պարզել է, որ իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները։ Ավելին՝ բնակիչների պատմելով այդ ամենը մտացածին և ստահոդ է։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինչ–որ բնապահպաններ փորձում են արհեստական աղմուկ բարձրացնել, թե իբրև իրենք փորձում են կանխել շինարարությունը։


Գ. Շամշյանը պարզել է, որ այս տարվա մարտի 22-ին Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը իր բոլոր անդամներով քննարկել և կողմ են քվեարկել որպեսզի այդ հատվածում, որը մինչև շինարարական աշխատանք կատարելը եղել է բետոնապատված, կառուցվի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան։


Թանգարանի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, նախագծողը՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանը։

 

Տեղի բնակիչները ֆոտոլրագրողին պատմել են, որ թանգարանը կառուցվում է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ, ովքեր երկար տարիներ է՝ նշված վարչական շրջանի բնակիչներ են։



Բնակիչները նաև իրենց զարմանքն ու զայրույթն են հայտնում, թե ինչպես կարելի է դեմ լինել թանգարանի կառուցմանը՝ ակնհայտ ստելով, որ թանգարանը կառուցվում է ծառերի հաշվին։ «Այդ արհեստական աղմուկ բարձրացնողները թող իմանան, որ Ֆրիտյոֆ Նանսենն էր, որ 350 հազարից ավելի հայերի փրկեց ցեղասպանությունից։ Ու չի բացառվում, որ այդ փրկվածների մեջ կլինեին նաև իրենց հարազատներից»,– պատմել են բնակիչները։


Վերջիններս Գ. Շամշյանի հետ զրույցում հայտնել են նաև, որ թանգարանի կառուցմամբ իրենց թաղամասում մշակութային շարժը կավելանա՝ հաշվի առնելով Ֆրիտյոֆ Նանսենի հեղինակությունը։