Նեպալում որսագողերի դեմ կպայքարեն անօդաչուների միջոցով

13:20 • 20.06.12

Նեպալի բնապահպաններն այսուհետ որսագողերի դեմ կպայքարեն անօդաչու թռչող սարքերով, գրում է Scinence News-ը:

 

Մասնավորապես, վերացման եզրին կանգնած վագրերին և ռնգեղջյուրներին որսագողերից պաշտպանելու նպատակով ` 2 անօդաչուներ արդեն արձակվել են երկինք և հսկելու են Չիթվան ազգային արգելոցի տարածքը, որտեղ բնակվում են աշխարհի ամենահազվագյուտ կենդանիների որոշ տեսակներ:

 

Նորագույն տեսախցիկներով, ինչպես նաև նավիգացիոն և տեղորոշիչ համակարգով զինված սարքերը կկարողանան անմիջապես ֆիքսել որսագողերին և լուսանկարել նրանց: Նեպալում նմանտիպ սարքերն առաջին անգամ են օգտագործվում, դրանք կարող են բարձրանալ 200 մետր բարձրության վրա և օդում մնալ 45 րոպե:

 

Բնապահպանները հույս ունեն, որ այս կերպ հնարովոր կլինի որոշ չափով սահմանափակել որսագողերի ակտիվությունը և վայրի կենդանիների ապօրինի վաճառքի քանակը:

 

Ռնգեղջյուրները սպանվում են թանկարժեք եղջյուրների համար և մեծ պահանջարկ ունեն ասիական երկրներում, որտեղ մարդիկ հավատում են, որ այն ի զորու է բուժել բազմաթիվ հիվանդություններ: Իսկ վագրերը սպանվում են հիմնականում մորթու և մսի համար: