Եթե ճգնաժամ է, ինչո՞ւ է երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները. Նիկոլ Փաշինյան

17:40 • 20.06.12

ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր օրենսդիր մարմնում ՀՀ կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ զարմանք արտահայտեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակահատվածում աճել են ՀՀ վարչապետի անձնական եկամուտները:



 

«Հարց է առաջանում, եթե ճգնաժամ է, ապա ինչո՞ւ են երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները: Ըստ վարչապետի ներկայացրած հայտարարագրերի, 2008 թվականին Տիգրան Սարգսյանն ունեցել է 17 միլիոն 242 հազար դրամ և 22 հազար դոլար, իսկ արդեն 2012 թվականին՝ 35 միլիոն դրամ և 870 հազար դոլար: Ի՞նչ ձևի ճգնաժամ է, որ աղքատությունն աճում է ավելի քան 10%-ով, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազում է 14 %-ով, բյուջեի եկամուտները նվազում են 7.8 %-ով, նվազագույն աշխատավարձը, դոլարային համեմատությամբ, նվազում է 3.8 %-ով, իսկ այդ նույն ժամանակահատվածում պաշտոնավարած վարչապետի եկամուտներն աճում են` դրամական եկամուտները 102 %-ով, կամ նույնն է, թե՝ ավելի քան կրկնակի, իսկ դոլարային եկամուտները՝ 3933 %-ով, այսինքն, նույնն է, թե՝ 39 անգամ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, և հավելեց, որ ինքը դեմ է քվեարկելու այս Կառավարության ծրագրին:

 


«Ես դեմ եմ քվեարկում այս Կառավարության ծրագրին, որովհետև չեմ ուզում արդարացնել այն արտահայտությունը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր Կառավարությանը: Ես հավատում եմ, որ մեր ժողովուրդն արժանի է ավելի լավ Կառավարության, որը կարժանանա իրական աջակցության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ առաջին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, որ Կառավարության այս ծրագիրը նման է կենացների և ոչ մի իրական փաստ չկա դրա հիմքում: