Մուբարաքի հարազատները հերքել են նախկին առաջնորդի կլինիկական մահվան մասին լուրը

09:10 • 20.06.12

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հարազատները, ինչպես նաև նրա փաստաբանն ու Գերագույն ռազմական խորհրդի ներկայացուցիչները լույս հունիսի 20-ի գիշերը հերքել են նախկին առաջնորդի կլինիկական մահվան մասին լուրը, հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:


Վերջին տեղեկությունների համաձայն` 84-ամյա Մուբարաքը գտնվում է Մաադի հոսպիտալի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին ու գտնվում է անգիտակից վիճակում:


Ավելի վաղ MENA պետական լրատվական գործակալությունը լուր էր տարածել, թե Մուբարաքը կլինիկական մահ է տարել, ինչը Գերագույն ռազմական խորհրդի անդամ Սաիդ Աբասն անվանել է անհեթեթություն:


Երեքշաբթի նախկին առաջնորդի վիճակը վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկները ստիպված են եղել սրտի ռիթմը վերականգնող սարք կիրառել:


Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 84-ամյա Մուբարաքը դատապարտվել է ցմահ բանտարկության` 2011թ.-ի սկզբին ընդդիմության բողոքի ակցիան ցրելու ժամանակ մարդկանց մահերի մեղադրանքով (ակցիաների արդյունքում մոտ 30 տարի երկիրը կառավարած Մուբարաքի ռեժիմը տապալվեց): Դատավճռից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: