ԼՂՀ հակամարտության գործընթացում էական շրջադարձեր են տեղի ունեցել. «Նորավանք» հիմնադրամի տնօրեն
«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով, եթե առաջին հայացքից Մեքսիկայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների, և Փարիզում` Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ նախարարների հանդիպումից տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան հակամարտության գործընթացում ոչինչ չի փոխվել, իրականում, ըստ նրա, էական շրջադարձեր, այդուհանդերձ, տեղի են ունեցել:
«Ադրբեջանն հայտնվել է բարդ աշխարահաքաղաքական վիճակում, երկրորդ ճակատն է բացել իր համար: Անկախ իր կամքից ներքաշվել է հակաիրանյան գործընթացներում»,-նշեց նա և ավելացրեց, որ հաշվի առնելով այս հանգամանքը կարելի է ենթադրել, որ Հայաստան սահմանին ձեռնարկած դիվերսիոն գործողություններն ավելի շատ «ջղաձիգ քայլեր են և ոչ թե մտածված քաղաքականություն»:
Ի տարբերություն Ադրբեջանի, ըստ քաղաքագետի՝ Հայաստանը շատ ավելի շահեկան վիճակում է և, եթե ԱՄՆ-ը փորձում է Ադրբեջանին օգտագործել Իրանի հարցում, ապա Հայաստանի վրա նման պարտավորություն չի դրավում: «Հայաստանն անում է այն ամենը, ինչ կարող է անել: Գործում է միջազգային կանոնների համաձայն` ի տարբերություն Ադրբեջանի: Իսկ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը խնդրի ոչ թե ուժային լուծման ակնկալիքով,այլ փակուղային իրավիճակում գտնվելու պատճառով: Նրանք նման պատրանք չունեն, և չի բացառվում, որ ստեղծվի իրանա-ադրբեջանական հակամարտություն, որից հայկական կողմը կշահի»,-ասաց նա:
Տարածաշրջանային քաղաքականության հարցում, ըստ նրա, ԱՄՆ-ը մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում և որոշ հարցերում նույնիսկ նահանջ է նկատվում: Որպես այդպիսին, բանախոսը նկատի ունի Իրաքից զորքերի դուրսբերումը:
Իսկ ԼՂ հարցում նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե բոլոր հանդիպումները կայանում էին ռուսական կողմի միջնորդությամբ, ապա առաջին անգամ է, որ նման հանդիպում կայանում է ամերիկայն կողմի նախաձեռնությամբ:
Հայտարարված նոր մոտեցումների շուրջ քննարկման մասին Գագիկ Հարությունյանը տեղյակ չէ և չի էլ պատկերացնում, թե ի՞նչի նոր բան կարող է առաջ քաշվել:
«Այստեղ նորը երևի այն է, որ ամերիկացիները փորձում են խնդրի կարգավորումն իրենց հովանու տակ առնել և խոսակցություն կա, որ կլինի նաև նախագահների հանդիպում ` նույնպես ամերիկացիների նախաձեռնությամբ »,-ասաց նա:
Բոլոր դեպքերում, Գագիկ Հարությունյանը նկատում է, որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան չբանակցելը:









