Ավազակային հարձակում կատարողը ծեծի է ենթարկել գյուղապետին և փոստային բաժանմունքի պետին, որոնք երկուսն էլ կանայք էին (ֆոտո,վիդեո)
Այսօր՝ հունիսի 20-ին, ժամը 15.15-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշական գյուղում ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ Մուշական գյուղ (Շոռբուլախի հարևանությամբ) է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ Էրեբունու ոստիկանության պետ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական վարչության քննիչները՝ քննչական բաժնի պետ Արման Բայադյանի գլխավորությամբ։
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 15.00-ի սահմաններում մի երիտասարդ ներս է մտել Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ թիվ 0098 բաժանմունք, որտեղ այդ պահին լինում է միայն բաժանմունքի պետը՝ Մուշական 1 փողոցի 20 տան բնակիչ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը։
Փոստային բաժանմունքի հարևանությամբ ապրող բնակիչները ֆոտոլրագրողին պատմել են, որ փոստային բաժանմունքում Ա. Հայրապետյանը մենակ է եղել։ Երբ ավազակային հարձակում կատարողը մտել է ներս, հարձակվել է նրա վրա, կպչուն ժապավենով կապել բերանը և ձեռքերը, ծեծի ենթարկել նրան՝ դեմքի և գլխի մասում պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո ստիպողաբար պահանջել է գումար։ Դրանից հետո նա հափշտակել է փոստային բաժանմունքի պետի դրամապանակն ու «Նոկիա» տեսակի հեռախոսը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ դրամապանակի մեջ եղել է 20 ԱՄՆ դոլար և 7000 դրամ։ Գ. Շամշյանը նաև հայտնում է, որ իր տեղեկություններով, մինչև դրամապանակը հափշտակելը, նա պահանջել է փոստում եղած գումարը, սակայն երբ նկատել է, որ փոստային բաժանմունքին են մոտենում քաղաքացիներ, դիմել է փախուստի։
Քիչ առաջ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և տեղամասային տեսուչները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 28-ամյա Սահակ Կարապետյանին՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով։
Գ. Շամշյանը հայտնում է, որ բնակիչները պատմել են նաև, որ երբ նա դիմել է փախուստի, նրա փախուստը փորձել է կասեցնել գյուղապետը՝ Սվետա Ասլանյանը, ում ևս ավազակային հարձակում կատարած անձը փախուստի ժամանակ վնասվածքներ է հասցրել։
Այս պահին քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, իսկ մարմնական վնասվածքներ ստացած փոստային բաժանմունքի պետին և գյուղապետին տրվել է դատաբժշկական ուղեգիր։
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի









