Այսօր փախստականների միջազգային օրն է
Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այս առիթով «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել:
«Փախստականների վիճակն օրհասական է մնում մինչ օրս: Թեև նրանց թիվը պակասել է նախկինի հետ համեմատած, բայց այսօր ամբողջ բնակչության 10%-ն է կազմում: Այս ցուցանիշով Հայաստանը ամբողջ աշխարհում առաջնային տեղ է գրավում»,-ասաց նա և նշեց, որ փախստականների իրավունքները լավ ներկայացված չեն նաև ԼՂՀ կարգավորման գործընթացում:
Գրիգորի Այվազյանը նշեց, որ բոլոր փախստականներին բնակարններով ապահովելու համար անհրաժեշտ է 50մլն ԱՄՆ դոլար, ինչն ըստ նրա, այնքան մեծ թիվ չէ, որ չգտնվի:
«Այս հաշվարկները պաշտոնական են և ներկայացված է ՀՀ կառավարությանը: Սա վերաբերում է միայն Երևանում բնակվող փախստականներին»,-ասաց նա և ավելացրեց, այսօր երևանաբնակ 1000 փախստական ընտանիքներ կան:
Նա մտավախություն հայտնեց, որ փախստականների թիվը կմեծանա Իսրայել-Իրան հնարավոր պատերազմի դեպքում: Նա վստահ է, որ նման պարագայում Ղարաբաղում ևս պատերազմ կսկսվի:
«Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ մենք պետք է մեր հասարակությանը պատրաստենք պատերազմի: Նախօրոք իրազեկ լինելն ու պատրաստ լինելը նշանակում է զինված լինել: Եթե միջազգային հանրությունը չի քննադատում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, ապա մենք հույսը մեր վրա պետք է դնենք: Պատերազմը անխուսափելի չէ»,- ասաց նա և ավելացրեց, որ Բաքվում այսօր անշարժ գույքի գների անկում է նկատվում, քանի որ ադրբեջանցիները գիտեն,որ պատերազմի ժամանակ Բաքուն հայերի թիրախում է լինելու:
Գրիգորի Այվազյանը նշեց, որ մենք՝ հայերս, ոչ թուրքերից և ոչ ադրբեջանցիներից վախենալու ոչինչ չունենք:









