Օբաման նախագահ կվերընտրվի, թե ոչ, ՀՀՊ խնդիրը չի լուծվի. Պուտին

14:16 • 20.06.12

Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ տեղակայելու խնդիրը չի լուծվի` անկախ նրանից`  ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբաման կվերընտրվի, թե ոչ: Այս մասին, ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեքսիկական Լոս-Կաբոսում անցկացված «Մեծ քսանյակի» հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքով` Միացյալ Նահանգները գնում է հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգ ստեղծելու ճանապարհով:

«Դեռ չեմ տեսնում որևիցե մի բան, որը կարող էր փոխել նրանց մոտեցումները: Կարծում եմ, որ իրավիճակը կտրուկ կարելի է փոխել միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները համաձայնի մեր առաջարկին: Իսկ դա հետևյալն է` մենք` Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան, լինենք այս գործընթացի հավասար մասնակիցներ»,- հայտնել է ՌԴ նախագահը` պարզաբանելով, որ դա նշանակում է 3-ի հավասար մասնակցություն համակարգի ստեղծմանը, առկա մարտահրավերներին դիմագրավելու ու այդ համակարգը համատեղ կառավարելու հնարավորություն:

 

«Սակայն սա դեռ չի նշանակում, որ մենք ընդունակ չենք պայմանավորվածության գալ: Կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասել է նա:


ԱՄՆ-ն ցանկանում է ՀՀՊ տարրեր տեղակայել Եվրոպայում, իսկ Ռուսաստանն այս նախաձեռնությանը դեմ է և կարծում է, որ այն սպառնում է ՌԴ անվտանգությանը` ամերիկյան կողմից պահանջելով իրավական երաշխիքներ: