Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ մեղավոր ա, որ իրա աշխատողները տենց բան են արել. Սամվել Ալեքսանյանը «Հարսնաքարի» դեպքի մասին

13:33 • 20.06.12

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ ինքն էլ աշխատողներ և բարեկամներ ունի այնպես, ինչպես Ռուբեն Հայրապետյանը, և ինքն էլ չի կարող բոլորի համար պատասխան տալ:



«Ես էլ աշխատողներ ու բարեկամներ ունեմ, հիմա ով ինչ անի՝ ես ե՞մ պատասխան տալու: Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ մեղավոր ա, որ իրա աշխատողները տենց բան են արել: Հիմա արել են՝ վատ բան են արել, օրենքով կպատժվեն»,- ասաց Սամվել Ալեքսանյանը:



Վերջինս նշեց, որ ինքը հեռախոսով խոսել է Ռուբեն Հայրապետյանի հետ. «Շատ ուժեղ ջղայնացած ա դեպքի համար»,- նշեց Սամվել Ալեքսանյանը:



Հարցին, թե ի՞նչ է անելու Հայրապետյանը դեպքի մասնակիցներին պատժելու համար, Սամվել Ալեքսանյանն ասաց՝ Հայրապետյանը ոչինչ էլ չի անելու, այլ՝ «օրենքն է անելու»:
 

Սամվել Ալեքսանյանի տեղեկացմամբ, արդեն իսկ աշխատանքից ազատվել են դեպքի մասնակից բոլոր աշխատողները:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով բուժծառայության երեք աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանցից մեկի` Վահե Ավետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

 

 

Տեղեկացնենք, որ այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում բացակա պատգամավորների թվում էր և Ռուբեն Հայրապետյանը: