Տեղեկատվական «արտահոսքը» շիկացրել է Սիրիայի և Իրանի շուրջ իրադրությունը. ՌԴ ՊՆ-ն հերքում է տարածել

02:50 • 20.06.12

Սիրիայի և Իրանի շուրջ իրավիճակը երեքշաբթի կտրուկ լարվել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվությունից հետո, ըստ որի, իբրև թե Սիրիայի Միջերկրածովյան ափերի մոտ նախատեսվում է Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ, որոնք Մերձավոր Արևելքի ամենախոշոր զորավարժությունները պետք է լինեն:

 

Նման տեղեկատվական պատերազմի տարր հանդիսացող ապատեղեկատվական «արտահոսքը» ստիպել է Ռուսաստանի ՊՆ-ին և սիրիական կողմին հերքումներով հանդես գալ:

 


Իսկ ռուսական փորձագետները հայտարարում են, որ նման ապատեղեկատվությունը ուղղված է խաղաղ կարգավորման ծրագրերը տապալելուն:

 


Լուրերը, թե մոտ ժամանակներս ռուսական, չինական, սիրիական ու իրանական զորքի մասնակցությամբ Սիրիայի տարածքում կանցկացվեն զորավարժություններ, այսօր հաղորդել էր «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը, որը լուրը հունիսի 18-ին հրապարակել էր պարսկերեն, իսկ 19-ին այն դարձել էր Fars-ի անգլալեզու տարբերակի գլխավոր նորությունը և վերահրապարակել էին բազմաթիվ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ իսրայելականները և «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

 

 

Հեռուստաալիքի համաձայն` Եգիպտոսը Չինաստանի նավատորմի 12 նավերի համար արդեն տվել է Սուեզի ջրանցքով անցնելու թույլտվություն, որոնք 2 շաբաթվա ընթացքում կհասնեն Սիրիայի ափեր: Հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցի մոտ 400 ինքնաթիռ ու 1.000 տանկ, նաև ռուսական սուզանավեր, ականակիր ու ավիակիր նավեր: Իսկ Սիրիան, իր հերթին, ծրագրում է փորձարկել «երկիր- ջուր» դասի հրթիռներ ու Հակաօդային պաշտպանության համակարգեր:

 

 

«Ինտերֆաքս» գործակալությունը այսօր դիմել էր Մոսկվայում գտնվող Սիրիայի նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական և նախարար Բուսեյն Շաաբանին խնդրելով մեկնաբանել այդ տեղեկությունները, որի ի պատասխան նա հայտարարել է. «Ոչ մի նման բան չկա: Դա հերթական սուտ տեղեկություններից է, որ տարածում են մեր վերաբերյալ»:

 


ՌԴ ՊՆ ներկայացուցիչը մեկնաբանելով այդ տեղեկությունները հայտարարել է. «Վերջին շաբաթներին հաճախակի են հայտնվում նման ապատեղեկատվություններ որոշ ԶԼՄ-ներում, հղում կատարելով իբրև թե հետախուզական տվյալներին կամ արբանյակային աղբյուրներին: Այդ ապատեղեկատվությունը ուղղված է Սիրիայի իրավիճակի հետագա էսկալացիային և ոչ իրական իրավիճակը ներկայացնելուն»: