Ռուսական դեսանտային նավերին հրաման է տրվել պատրաստվել Սիրիա ուղևորմանը
Ռուսաստանի Դաշնության Սևծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» և «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավերին անսպասելի հրաման է տրվել պատրաստվել «Սիրիայի ափերի մոտ պետական շահերի պաշտպանությանը»: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
«Հունիսի 16-ին միջերկրածովյան ուղևորությունից նոր վերադարձած «Ցեզար Կունիկով»-ը կրկին ծով է դուրս եկել` նախապատրաստական աշխատանքների համար: Դեպի Տարտուս (նավահանգիստ Սիրիայում) ուղևորմանն է պատրաստվում նաև «Նիկոլայ Ֆիլչենկով»-ը»,- ասել է աղբյուրը:
Պատրաստ է նաև ՍԲ-15 փրկարար քարշակը, որը պետք է ապահովի մարտական նավերի անխափան գործունեությունը:
Աղբյուրի համաձայն` երեք նավերի տրամադրության տակ են «սև բերետավորները», որոնց հրամանատարն է ՌԴ հերոս, գնդապետ Վլադիմիր Բելյավսկին: «Մարտական ծառայության համար պատրաստ են «ամենահզոր» դեսանտային գումարտակի ծովագնացները, որոնց հրամանատարն է փոխգնդապետ Վլադիմիր Լատինինը»,- ասել է նա` հավելելով, որ Սիրիա նավեր ուղարկելու որոշումը կայացվել է հանկարծակի:
Մի շարք եվրոպական երկրներ ու Միացյալ Նահանգները հայտարարել են Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին, ինչին դեմ են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը:









