«Հարսնաքար» ռեստորանում ծեծի ենթարկված Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

12:22 • 20.06.12

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ծեծի ենթարկված ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ մյուս երկու բժիշկներինը՝ կայուն ծանր:

 


Նշենք նաև, որ, միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ենթարկվել է նյարդավիրաբուժական վիրահատության:



Ի պատասխան մեր դիտարկմանը, թե իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անթույլատրելի է համարել ՊՆ լռությունը միջադեպի առնչությամբ, ՊՆ վարչությունից պատասխանեցին, որ Արթուր Սաքունցի հայտարության առնչությամբ որևէ մեկնաբանություն չունեն:

 


Ինչ վերաբերվում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ միջադեպի հետ կապված բուժծառայության աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն է հասունանում, ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին տրված պատասխանն այսպիսին էր՝ «բնականաբար, այդպիսիք կլինեն»:

 

Նշենք, որ դեպքի կապակցությամբ արդեն իսկ կա 4 ձերբակալված։