Վայոց Ձորում զինծառայողների ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

10:31 • 20.06.12

Այսօր՝ հունիսի 20–ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։



Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 8.30-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի 31 ՍՏ 042 համարանիշի ավտոմեքենան, Երևան–Մեղրի ավտոճանապարհի 131–րդ կմ հատվածում ճանապարհի ձախ մասից դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել սարալանջի թմբին և գլխիվայր շրջվել։ Վթարից հետո վարորդը և ուղևորներ՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 24–ամյա Տիգրան Մխիթարյանը, 24–ամյա Վահե Դանիելյանը, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։


Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Է. Հովհաննիսյանը մահացել է։



Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացածն ու վիրավորները Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայողներ են։



Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 6–րդ վաշտի 1–ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։


Տեղում են նաև ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորային 8-րդ քննչական բաժնի քննիչները։


Փաստի առթիվ Եղեգնաձորի կայազորային 8–րդ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի