Pagani-ն Գուդվուդի արագության փառատոնին կներկայանա Zonda-ի ամենաէքստրեմալ տարբերակով (տեսանյութ)
Հիպերմեքենաներ արտադրող Pagani ընկերությունը մտադիր է Գուդվուդի ավանդական «Արագության փառատոնին» հանդես գալ Zonda R-ի առավել ծայրահեղական տարբերակով: Սպասվում է, որ Zonda R Evo-ն կստանա այնպիսի շարժիչ, որը հնարավորություն է տալիս 2.7 վայրկյանում հասնել 100 կմ/ժ արագությանը, հաղորդում է Autocar պարբերականը:
Ներկայիս Evo մոդիֆիկացիայի շարժիչը 760 ձիաուժ է ապահովում, սակայն այդ համեստ ավելացումը չէ, որ հիպերմեքենայի կատարելագործման հիմք է ծառայել: Evo մակդիրը նաև մատնանշում է կատարելագործված աերոդինամիկա` մեծ արագությունների ժամանակ օդը ավելի հեշտ ճեղքելու համար, ինչպես նաև քաշի ավելի ճշգրիտ վերաբաշխում սռնիների վրա:
Ավտոարտադրողը մյուս նորարարությունների և կատարելագործումների մասին տեղեկությունները դեռ չի գաղտնազերծում:
Որպեսզի սպորտային փառատոնին առավել լավ հանդես գա, Pagani ընկերությունը իր հիպերմեքենան վարելու համար հրավիրել է «Ֆորմուլա 1-ի» և DTM -ի անցած տարիների աստղ Բերնդ Շնայդերին:
Նշենք, որ Pagani Zonda R մոդելը հայտնի է նրանով, որ 2010թ. Նյուրբուրգրինգի բացարձակ ռեկորդ սահմանեց: Հիպերմեքենան մրցուղին անցավ 6 րոպե 47 վայրկյանում, առաջ անցնելով այդ ժամանակվա աշխարհի բոլոր սերիական մոդելների հիմքի վրա ստեղծված մեքենաներից:
Տեսանյութում ներկայացված է Նյուրբուրգրինգի բացարձակ ռեկորդի սահմանումը.









