Գետանցումի ժամանակ ձիերին չեն փոխում.Արմեն Մարտիրոսյան
Կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը, որն այսօր քվեարկվելու է Ազգային ժողովում, «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կանխատեսումներով, նախագահական ընտրություններից հետո չի գործի և 2013 թվականից հետո մենք կունենանք նոր կառավարություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Կառավարության հնարավոր փոփոխությունը ոչ միայն Արմեն Մարտիրոսյանի անձնական կանխատեսումն է, այլ վերջինս նման երանգներ է որսացել նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ նորանշանակ կառավարության առաջին նիստում ունեցած ելույթում:
«Ինքը շատ հպանցիկ անդրադարձավ դրան, բայց կարծում եմ՝ հենց դա էր: Նույնիսկ, եթե նախագահության փոփոխություն չլինի, միևնույն է՝ կառավարության փոփոխություն լինելու է: Ինքը (Սերժ Սարգսյանը - Tert.am) նշեց նաև, որ կառավարության հնգամյա գործունեությունն է նայելու: Այսինքն՝ իր նախագահության ժամանակահատվածում»,- ասաց Մարտիրոսյանը:
Այն, որ Հանրապետական կուսակցությունն, ըստ էության, չփոխեց կառավարության կաբինետը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը չցանկացավ նախագահական ընտրություններից առաջ փոխել ստատուս քվոն:
«Ի սկզբանե պարզ էր, երբ նշանակվեց ԱԺ ղեկավարությունը: Նախագահն է եղել որոշողը և ինքն էլ որոշել է այս պահին ստատուս քվոն պահպանել այնպես, ինչպես որ եղել է»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Այսինքն՝ ինչպես ռուսական հայտնի ասացվածքում՝ «գետանցման ժամանակ ձիերին չեն փոխում»:









