Ընտրակաշառքով ձևավորված խորհրդարանն ու կառավարությունը չեն կարող խոսել արժանապատվությունից. Արմեն Մարտիրոսյան

14:24 • 21.06.12

Արժանապատվությունը ոչ գնվում է և ոչ վաճառվում, ուստի, 10.000 -20.000 դրամ ընտրակաշառքով ձևավորված խորհրդարանը, ինչպես նաև, նրա կողմից ձևավորված կառավարությունը չեն կարող խոսել արժանապատվության մասին:


Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով չդավաճանելով իր «հին սովորույթին», համաձայն որի՝ հինգ տարի անընդհատ կառավարության ծրագիր և բյուջե էր քննադատում, այսօր էլ հանդես եկավ կառավարության նոր կազմի ու ծրագրի քննադատությամբ:

 

Նախկին պատգամավորի՝ վերոնշյալ հայտարարության համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության գործունեության ծրագրում տեղ գտած մի «գեղեցիկ նախադասություն», այն է՝ «կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորությունները»:

 


Կառավարության ծրագրում Արմեն Մարտիրոսյանը մի շարք «գեղեցիկ նախադասություններ» ևս նկատել է, որոնք կյանքի կոչելու դեպքում՝ ամեն ինչ հրաշալի կլիներ: Օրինակ՝ «նպաստել մարդու և բնության ներդաշնակ ձևավորմանը»:
«Տեսե՜ք, կառավարությունը լավ զարկ է տալիս հանքարդյունաբերությանը, բայց մյուս կողմից գրում է, որ զբոսաշրջությունը պետք է զարգանա, հնարավոր չէ հանքարդյունաբերությանը զարկ տալ ու նույն ժամանակահատվածում զբոսաշրջությունը զարգացնել: Որովհետև տուրիստը գալիս է նաև էկոլոգիապես հանգիստ վայրում հանգստանալու, չի գալիս ծանր մետաղներով հարստացած օդ շնչելու»,- բացատրեց Արմեն Մարտիրոսյանը:

 


Վերջինս այն կարծիքին չէ, որ կառավարությունն ամբողջությամբ տապալելու է ծրագիրը, նկատեց, թե կան մի շարք «ցածր նշաձող վերցրած կետեր», որոնք կարելի է կատարել: Բայց միևնույն է՝ ծրագիրը թերի է և կյանքի չի կոչվի այն պատճառով, որ կառավարության այս կազմը ի վիճակի չէ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարել:

 

Իսկ որպես «ցածր նշաձողի» օրինակ բերեց հետևյալը.« Օրինակ՝ ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցուցանիշը՝ տարեկան 0. 3-0.4 %-ով բարձրացնելը: Ոչինչ էլ չանես, ուղղակի այդպես պետք է լինի, որովհետև ՀՆԱ-հարկեր հարաբերությունն այնքան ցածր է՝ 17%, որն ուղղակի հանգիստ կարելի է անել: Մինչդեռ մենք խնդիր ունենք մեկ-երկու տարում այս ցուցանիշը հասցնել 23%-ի, ինչը շատ ռեալ եմ համարում»:



Բանախոսը նաև հավելեց, որ իրականում կառավարությունը պետք է ոչ թե 100 000 աշխատատեղ ստեղծելու խոստում տա, այլ հարյուր հազարավոր աշխատատեղերի՝ հաշվի առնելով արտագաղթը:



Արմեն Մարտիրոսյանը զարմացել է, որ կառավարության ծրագրի գյուղատնտեսության բաժնում ճանապարհների շինարարության մասին վերջին տողում է գրված: Մինչդեռ, ըստ «Ժառանգության» անդամի, այդ ճանապարհների գոյությունն ինքնին գյուղական բնակավայրերից արտագաղթը խթանող գործոն է, քանի որ այսօրվա երիտասարդն այդպիսի ճանապարհ ունեցող գյուղում չի ցանկանա ապրել:

 


Իսկ հիմնական ցավն, ըստ նախկին պատգամավորի, այն է, որ գյուղական որակյալ ներուժն է արտագաղթում, ինչի արդյունքում այսօր, անգամ պաշտոնապես հայտարվում է, որ ունենք 30% չմշակված վարելահողեր:

 

Արմեն Մարտիրոսյանը ցինիզմ ու «ընդդիմության հացը խլել է» համարում իշխող մեծամասնության այն գործելաոճը, երբ ամեն անգամ ընդդիմությունը որևէ հարց է բարձրացնում, ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենք տեղյակ են այդ խնդրին: «Այո, իրենք շատ լավ տեղյակ են, բայց Գաբոն քահանայի աշխատանքը մեզ որևէ մեկիս պետք չէ, որ գնանք ցարին ասենք, թե ի՞նչ է աշխարհում կատարվում, այս դեպքում՝ մայր Հայաստանում: Ուղղակի, իրենք փորձում են նաև ընդդիմության հացը որոշակիորեն կտրել»:



Ինչպես նկատեց Արմեն Մարտիրոսյանը, ինքն ուրախ կլինի, եթե կառավարության ծրագրի մասին իր կանխատեսումներում այս անգամ ի՛նքը սխալ դուրս գա, բայց ոչ ՀՀ կառավարությունը, սակայն նախորդ հինգ տարիների փորձը ցույց է տվել, որ ինքը միշտ ճիշտ է դուրս եկել, իսկ կառավարությունը՝ սխալ: