Տեսնելուց բարև տվեք, իսկ հաց ուտելուց բարի ախորժակ մաղթեք, դա քաղաքավարություն է. Արմեն Աշոտյան
ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկմանը ելույթ ունենալով՝ կոշտ քննադատության ենթարկեց խորհրդարանական ընդդիմության այն ներկայացուցիչներին, ովքեր իշխանության ներկայացուցիչներին ոչ բարև են տալիս, ոչ էլ հաց ուտելուց բարի ախորժակ են ասում:
«Ես ձեզ խնդրում եմ հարգելի գործընկերներ, երբ մեզ տեսնում եք, բարևեք, մաղթեք բարի ախորժակ, և դա մի արեք ցուցադրաբար, որ բոլորը տեսնեն, այլ պարզապես բարևելու համար»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ կառավարությունը ցանկանում է աշխատել խորհրդարանական ընդդիմության հետ և հորդորեց օգնել կառավարությանը` համագործակցության եզրեր գտնել:
«Ներկայիս խորհրդարանը բաղկացած է առավելապես ներկա և նախկին պաշտոնյաներից, ու շատ լավ կարող եք իմանալ, թե ինչ մարտահրավերներ են կանգնած իշխանությունների առջև: Խնդիրներն օբյեկտիվ են, իսկ լուծումները միշտ էլ եղել են սուբյեկտիվ»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով կոալիցիոն նախկին գործընկերների հետ հարաբերություններին՝ ԿԳ նախարարը նշեց, որ խոսել հատվածական պատասխանատվության մասին առնվազն անլուրջ է:
«Ձեր բնորոշմամբ «ձախողված կառավարությամբ» Հայաստանն ամենակայուն երկիրն է տարածաշրջանում՝ ըստ Foreign Policy-ի գնահատականների»,- շեշտեց Աշոտյանը:
Կառավարության ծրագրի մասին խոսելով՝ ԿԳ նախարարը նշեց, որ այդ փաստաթուղթն լինելու է առաջիկա հինգ տարիների մեր երկրի քաղաքական և տնտեսական օրակարգում: «Առողջ քննադատությունն օգնում է առողջ կառավարությանը, ինչպիսին մենք ենք»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից ՀՀ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը, որն անցնում էր լարված մթնոլորտում: Քննարկման արդյունքում Ազգային ժողովը 75 կողմ 47 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց Կառավարության 5-ամյա ծրագիրը:









