Նորվեգիայի դատախազությունը պահանջում է հոգեբուժարան ուղարկել Բրեյվիկին
Նորվեգիայի դատախազությունն ահաբեկչության մեջ մեղադրվող Անդերս Բրեյվիկի գործով դատական լսումների ժամանակ այսօր պահանջել է նրան տեղափոխել հոգեբուժարան, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Նախորդ տարվա հուլիսի 22-ին Բրեյվիկն ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, որից հետո կրակ էր բացել Ուտոյա կղզում երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա: Կրկնակի ահաբեկչությունների զոհ էր դարձել 77 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Հոգեբուժարան ուղարկելու պահանջը նշանակում է, որ մեղադրող կողմն ընդունում է, որ Բրեյվիկը հոգեկան շեղումներ ունի է, չնայած նրա առողջության մասին փորձագետների հակասական եզրակացությանը: Հունիսի 11-ին բժիշկները հայտարարել էին, որ նրա հոգեկան վիճակը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկվել:
Ապրիլից մեկնարկած դատական գործընթացի ժամանակ դատարանը լսել է նաև Բրեյվիկին, ով չի հերքել, որ սպանություն է իրականացրել, սակայն իրեն մեղավոր չի համարում:
Դատարանն իր վճիռը կհրապարակի հուլիսի 22-ին` ողբերգության տարելիցի օրը: Եթե դատարանը Բրեյվիկին մեղսունակ ճանաչի, ապա նա կդատապարտվի 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատժաչափը ահաբեկչության համար), հակառակ դեպքում ցմահ կուղարկվի հոգեբուժարան:









