Մինչև Սերժ Սարգսյանի ընտրվելը նրա երկրի մեծ մասը արդեն վաճառվել էր. Chatham House

13:53 • 21.06.12

Աշխարհի կարևորագույն վերլուծական կառույցներից մեկը համարվող բրիտանական Chatham House-ը (պաշտոնական անվանումը՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ) հրապարակել է 2012-ի իր զեկույցը՝ «Տևական հրաժեշտը. մարող ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում և Կենտորանական Ասիայում» վերնագրով (զեկուցող՝ Ջեյմս Նիքսի):

 

Զեկուցողի դիտարկմամբ՝ «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի անկախ պետություններում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է» և «Ռուսաստանը բազմաթիվ միջոցներ է օգտագործում՝ դրան դիմակայելու համար», «Հարավային Կովկասում Հայաստանը արդեն Ռուսաստանի տնտեսական զոհն է դարձել՝ իր ինքնիշխանության վրա ունեցած հետևանքներով: Սակայն Ադրբեջանն ու Վրաստանը տարբեր ուղիներով հեռացել են Ռուսաստանից»:

 

Ռուսաստանի լծակները Հարավային Կովկասում զանազան են գնահատվում զեկույցում. «Հայաստանում դրանք տնտեսական և ռազմական են, ինչը հազիվ է առկա Ադրբեջանում, ինչպես նաև տնտեսական՝ Վրաստանի դեպքում: Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունն այնքան մեծ է, որ ինքնիշխանության պակասը պետք է Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը լիներ»:

 

Արձանագրվում է, որ ընդհանուր անկման ֆոնին աճել է Ռուսաստանի ազդեցությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում: Վերջիններիս վրա Ռուսաստանի ծախսած տարեկան 250 մլն դոլարը զեկույցը, սակայն, «չնչին» է անվանում:

 

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, Chatham House-ի գնահատականով. «Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին հիմնված է եղել մի քանի շահի վրա, դրանք են՝ Թուրքիայի ազդեցության սահմանափակում, անկախության առաջին տարիներին դիմակայում ռուսաֆոբ Ադրբեջանին և վաղեմի մշակութային կապեր, որոնք արտացոլված են Ռուսաստանի մեծ հայկական համայնքում»: Ռուսաստանի աջակցությունը խնդրի հարցում վերջին տարիներին, սակայն, փոխվել է: Իսկ Մեդվեդևը՝ որպես նախագահ, Chatham House-ի գնահատականով, ավելի շատ ջանք է գործադրել, քան նրա նախորդները: Սակայն Ռուսաստանը «հնարավոր է անկեղծորեն շահագրգռված չլինի [հակամարտության] կարգավորմամբ». ընդգծում է զեկուցողը:

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության` ամբողջ թափով վերսկսումը կվտանգեր Ռուսաստանի դիրքը Ադրբեջանում և Թուրքիայում, մանավանդ եթե հայերը ռազմական օգնության կարիք ունենային: Դա կազդեր նաև նավթամուղերի անվտանգության վրա, իսկ Ռուսաստանի համար հակամարտության մանիպուլյացիայից ավելի, էներգետիկ անվտանգությունն ու ֆինանսական եկամուտն են առաջնահերթ»,- նկատվում է զեկույցում:

 

Վերլուծության գնահատականով` 2003-ին Ռուսաստանի Միացյալ էներգահամակարգերի ղեկավար Անատոլի Չուբայսը ծրագրեր կազմեց՝ Ռուսաստանի առաջատարությամբ էներգամատակարարման ցանց Հարավային Կովկասը ներառելու համար, ինչը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը գրեթե ամբողջական վերահսկողություն ձեռք բերի Հայաստանի էներգետիկայի նկատմամբ: Դրա համար զեկուցողը պատասխանատու է անվանում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին. «1998-2008թթ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որ, ըստ էության, Հայաստանը վաճառեց Չուբայսին և ռուսական այլ առևտրական ու քաղաքական շահերին»: Ապա՝ «Հայաստանի ներսում էներգետիկայից և ենթակառուցվածքների սեփականատիրությունից Ռուսաստանի ամուր քաղաքական նվաճումների աստիճանը վիճարկվում է: Քոչարյանի հաջորդը՝ Սերժ Սարգսյանը, իբր նվազ ռուսամետ է, սակայն մինչև նրա ընտրվելը 2008-ին նրա երկրի մեծ մասը արդեն վաճառվել էր»:

 

Նշվում է, որ Ռուսաստանը 80 տոկոսով վերահսկում է «ՀայՌուսԳազԱրդը», 70 տոկոսով՝ «Արմավիան», 70 տոկոսով՝ «Հայխնայբանկը» և այլն: Սակայն «Ռուսաստանի ամենամեծ տնտեսական լծակը Ադրբեջանի և Հայաստանի դեպքում ներգաղթող աշխատուժի ու նրա դրամական փոխանցումների տեսքով է»: