Մարդիկ ոչ թե մահանում են անորակ դեղերից, այլ ինքնասպանության նպատակով մեծաքանակ դեղեր ընդունելուց. Սամվել Զաքարյան

15:47 • 21.06.12

Հայաստանում գրանցված դեղորայքային թունավորման դեպքերից և ոչ մեկը կապված չի եղել անորակ կամ ժամկետանց դեղերի հետ: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը: Ըստ նրա՝ մարդիկ հիմնականում դեղերի չարաշահման միջոցով ինքնասպանության փորձ են կատարել:

 

«Մարդկանց մի մասը նախընտրում է ինքնասպան լինել դեղորայքի միջոցով: Վերջին 1-1.5 տարիների ընթացքում, դեղի որակի պատճառով մարդ չի թունավորվել: Ժամկետանց դեղերից թունավորումների դեպքեր քիչ են պատահում: Մեր միության աշխատակիցները պարբերաբար մոնիտորինգ են իրականացնում և հետևում են շուկայի դեղորայքին»,- վստահեցրեց նա և նշեց, որ 6 ամսվա ընթացքում գրանցվել են ժամկետանց դեղերի մեկ-երկու դեպք:

 

Զաքարյանը հորդորեց սպառողներին ուշադրություն դարձնել դեղերի վրա նշված ժամկետներին և խուսափել ժամկետանց դեղորայքի օգտագործումից:

 

Սամվել Զաքարյանը, միաժամանակ հավաստիացրեց, որ այսօր Հայաստանում թե՛ ներմուծողները, թե՛ արտադրողները փորձում են դեղի ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ այն դուրս բերել վաճառքից, քանի որ դեղը կարող է թունավորման պատճառ դառնալ:

 

 

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է արվում ժամկետանց դեղերի հետ, նա պատասխանեց. «Ժամկետանց դեղերը, համաձայն օրենքի, պետք է ոչնչացվեն: Դրանք փաթեթավորվում են, տրվում Էջմիածնում գործող հատուկ կազմակերպությանը: Կա դեղերի ոչնչացման մի քանի տարբերակ` այրել, փաթեթավորել և թաղել»:

 

Սամվել Զաքարյանը հորդորեց դեղատների տնօրեններին լինել ավելի բարեխիղճ և տուրք չտալ ժամկետանց դեղերի վաճառքի միջոցով մեծ գումարներ վաստակելու գայթակղությանը: