«Հարսնաքարի» գործով հինգ անձինք ձեռնաշղթաներով տեղափոխվեցին Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն (լուսանկարներ, թարմացված)
Այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն տեղափոխեցին հինգ երիտասարդների: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները ՔԳՎ տեղափոխվեցին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ երիտասարդները ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են և կասկածվում են նշված համալիրում 4 օր առաջ խուլիգանություն կատարելու և առանձնակի դաժանությամբ ծեծ իրականացնելու մեջ: Նշված անձանց արագ հակազդման բաժնի աշխատակիցները տեղափոխում էին ձեռնաշղթաներով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ բացի վերը նշված 5 հոգին կա ևս 2 ձերբակալված, և նրանց թիվը կարող է մեծանալ:
Նրանք են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը և Նորայր Հայրապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր ճանաչում է լինելու նշված անձանց և նրանց կողմից ծեծի ենթարկված ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցների միջև:
Շամշյանը հայտնում է, որ հնարավոր է այսօր նշված անձանց արդեն առաջադրվի մեղադրանք, որից հետո քննչական մարմինը միջնորդությամբ կդիմի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ենթարկվել է նյարդավիրաբուժական վիրահատության: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
Նշենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 19-ին հայտարարությամբ հանդես եկավ Ոստիկանությունը՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է միջադեպի բացահայտման և անաչառ քննության համար։ «Կատարվածով մտահոգ մեր համաքաղաքացիներին հավաստիացնում ենք. եթե կա երևույթը, այն հեղինակած անձը կամ անձինք պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Այս պարագայում անտեղի են նաև օրենքը շրջանցելու վերաբերյալ կասկածները: Ոստիկանության կողմից օրենքը կիրառվում է ուղիղ, ողջ ծավալով, բոլորի համար և` թափանցիկ: Ոստիկանության համար սկզբունք է օրենքի առջև բոլորի հավասարությունը, բացառվում է օրենքի անունից օրինականության ոտնահարման հնարավորությունը, ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը»,– մասնավորապես ասված էր հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուբեն Հայրապետյանը` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի մեղավորները ստանան իրենց պատիժը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց և թափանցիկ»,–մասնավորապես ասել էր Հայրապետյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









