ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած դեպքի հիման վրա (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ա1+ կայքում տեղադրված տեսանյութում արձանագրված փաստի կապակցությամբ. այն վերաբերվում է այսօր Ազգային ժողովի մուտքի մոտ «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի անդամ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպին:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ այսօր, Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ պարզել էր «Նեմեց՝ մարդասպան» գրությամբ ցուցապաստառը, ինչն էլ ակտիվիստի ձեռքից խլել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Իսկ երբ Վարդգես Գասպարին, Ալեքսանյանի քայլին ի պատասխան, բացականչել է՝ «Սամվել Ալեքսանյան՝ հանցագործ և խուլիգան», պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցողներից մեկը, հրելով գետնին է տապալել ակտիվիստին ու հեռացել:
Ոստիկանությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ նշված տեսանյութի հիման վրա Ոստիկանությունը անցկացնելու է ծառայողական քննություն:
Տեսանյութում երևում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտնում է, թե ԱԺ մուտքի մոտ պահպանություն իրականացնող ոստիկանները հանցավոր համագործակցության մեջ են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահների հետ և նրանց ճորտն են:
Վարդգես Գասպարին նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ ԱԺ մուտքի մոտ կանգնած ոստիկանը ակտիվիստի հարցին, թե՝ տեսա՞վ ինչ տեղի ունեցավ իր հետ, արձագանքել էր՝ նման բան չի նկատել:
Տեսանյութը՝ Ա1+-ի









