Սա ծրագրի քննարկում չէ, սա կառավարությանը վստահություն հայտնելու հարցն է. Լևոն Զուրաբյան
ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ելույթ ունենալով ԱԺ շարունակվող արտահերթ նիստում, ուր քննարկվում է ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը` նշեց, որ այս օրերին ոչ թե քննարկվում է կառավարության ծրագիրը, այլ նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
Լևոն Զուրաբյանը նշեց նաև, թե կառավարության անդամներից մի քանիսն են փոխվել, ինչը վկայում է, որ գործ ենք ունենալու հին կառավարության հետ:
«Այստեղ ոչ թե ծրագիր ենք քննարկում, այլ նորակազմ կառավարությանը վստահություն հայտնելու հարցը: 18 նախարարներից մի քանիսն են ընդամենը փոխվել, այլն էլ մի պարզ պատճառով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չկազմեց: Իսկ նոր նախարարներից մեկը` նախկին քաղաքապետն է, որին Սերժ Սարգսյանը հեռացրեց պաշտոնից նախագահի աշխատակազմի աշխատողին առևանգելու և ծեծելու պատճառով, ինչը Միքայել Մինասյանի սուսլովյան քարոզչամեքենան ներկայացրեց որպես պայքար կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ: Եթե Սերժ Սարգսյանը գործել է՝ «նորը լավ մոռացված հինն է» սկզբունքով, ապա պետք է ասել, որ մենք այդքան էլ կարճ հիշողություն չունենք»,-իր ելույթում ասաց Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանը խոսեց նաև ավազակապետությունից, կոռումպացված պաշտոնյաներից և թաղային կրիմինալ հեղինակություններից, ինչին արձագանքելով՝ ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ իրենք մտածում էին, թե ՀԱԿ-ը ԱԺ ամբիոնը արդյունավետ կօգտագործի, սակայն կրկին միտինգ է անում:
ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես դեմ արտահայտվեց կառավարության ծրագրին, նշելով, որ նախորդ տարիներին արտահանվել են բացառապես հանքահումքային պաշարները:
Հիշեցնենք, որ երեկվանից՝ հունիսի 20-ից, ՀՀ Ազգային ժողովը քննարկում է ՀՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որին դեմ են արտահայտվել ՀՀ ԱԺ չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը:
Կառավարության գործունեության ծրագրին կողմ են քվեարկելու իշխող կոալիցայի մաս կազմող ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը:









