ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Իսրայելի հետ հրադադար հաստատել

08:43 • 21.06.12

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևը և Իսրայելը համաձայնության են եկել զինված հակամարտությունը դադարեցնելու մասին, որոնք հատկապես սրվել էին վերջին երեք օրերի ընթացքում:
 

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, համաձայնության ձեռքբերումը հնարավոր է եղել Եգիպտոսի միջնորդությամբ:
 

Պաղեստինյան կողմը համաձայնել է դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարձակումները Գազայի կողմից, միայն այն պայմանով, որ Իսրայելյը նույնպես դադարի պաղեստինյան հողերի վրա հարձակումներ իրականացնել:

 

Փոխադարձ հարձակումները տարածաշրջանում սկսվել էին հունիսի 18-ից, երբ պաղեստինյան կողմից Իսրայելի վրա ընդհանուր առմամբ 96 հրթիռ էր արձակվել: Իսրայելյան կողմը զոհերի մասին որևէ տեղեկություն չէր հրապարակել, միայն հայտնի էր, որ մի քանի տներ քանդվել են և վիրավորվել էր 4 ոստիկան:
 

Իսրայելյան կողմն իր հերթին մի քանի հարձակում էր իրականացրել Գազայի հատվածում: Դրանց արդյունքում զոհվել էր 8 պաղեստինցի, այդ թվում 14-ամյա պատանի:
 

Հակամարտության վերջին սրացումը տեղի էր ունեցել 2012 թ-ի մարտին: Այդ ժամանակ 4-օրյա փոխադարձ հարվածների ընթացքում ոչնչացվել էր «Ժողովրդական դիմադրության կոմիտե» խմբավորման առաջնորդներից մեկը, ինչպես նաև Գազայի 26 բնակիչ: Պաղեստինցիներ Իսրայելի ուղղությամբ ավելի քան 200 հրթիռ էին բաց թողել: