Առաջիկա ժամերին կձերբակալվի «Հարսնաքար»-ի գործով 7-րդ կասկածյալը

13:15 • 21.06.12

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արդեն կա 6 ձերբակալված, իսկ 7-րդին ՀՀ ոստիկանությունը կձերբակալի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում: Այսօր ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 20-ամյակի առիթով կազմակերպված շքերթից հետո լրագրողերի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 

«7-րդի նկատմամբ կասկածը ևս հիմնավորված է: Մնացած հանգամանքները կպարզվեն նախաքննության ընթացքում»,-ասաց նա:

 

Անդրադառնալով այն հարցին, որ «Հարսնաքար» ռեստորանի սեփականատերն ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ չի լինելու կանխակալ մոտեցում:



«Մենք գնում ենք երևույթների և ոչ անձերի հետևից, Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատերն է, և հաստատ իմացեք, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը եթե որևէ մեղք տեսնի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից օրենքի առջև պետք է պատասխան տա»,-ասաց նա և ավելցարեց. «Աստված մեզ մեր արդարությամբ թող դատի, իսկ մեզ կասկածողներին՝ ողորմա ու ների»:
 

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ինքը դատարկ խոսակցություններ է համարում ռեստորանի սեփականատիրոջ շուրջ պտտվող բոլոր լուրերը: Նա հավաստիացրեց, որ գործն ընթանում է օբյեկտիվ, ճշմարիտ ու թափանցիկ:



«Այս ամիսների ընթացքում ոստիկանությունն իր գործունեությամբ ապացուցել է, որ մեզ ուղղորդող չկա, մենք «զոռբայություն» չենք ընդունում»,-ասաց ոստիկանապետը: