Ցանկացած երկրում դատաիրավական բարեփոխումները շարունակական են. Հրայր Թովմասյան
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախագահական նստավայրում այսօր հրավիրված խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ցանկացած երկրում դատաիրավական բարեփոխումներն անընդհատ ու շարունակական բնույթ ունեն:
Թովմասյանի խոսքով՝ հասարակական զարգացման յուրաքանչյուր փուլում դրվում են նոր խնդիրներ և փորձ է արվում լուծել դրանք:
«Եթե առաջին փուլում մենք ունեինք դատարանակազմության, դատավարական օրենսգրքեր ստեղծելու խնդիր, ապա այս փուլում վեր են հանված բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են և խոչընդոտում են ներպետական մեխանիզմի առավել արդյունավետ աշխատանքին»,– ասաց նա:
«ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. միջոցառումների ծրագիրը որոշակիորեն տարբերվում է նախորդ դատաիրավական բարեփոխումների ծրագրից այն առումով, որ սա շատ ավելի ընդգրկուն է»,- ավելացրեց Հրայր Թովմասյանը:
Նախարարը նաև ընդգծեց, որ ծրագրում մատնանշվում են այն հիմնական ուղղությունները, խնդիրները, միջոցառումների ցանկը, որոնք այս ժամանակահատվածում պետք է կատարվեն:
Այս չորս տարիների ծրագիրը, նրա խոսքով, ավելի հեռահար նպատակներ է հետապնդում, թեպետ ծրագրով նախատեսվում է, որ 2014-16թթ-ի համար հնարավոր է՝ լրացուցիչ փոփոխություններ կատարվեն:
«Գլխավոր ցուցիչը լինելու է այն, թե մեր պետական համակարգը որքանո՞վ է առավել արդյունավետ աշխատում, որքանո՞վ է մեր դատական իշխանությունն արդար, որքանո՞վ են պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններն առավել պարզեցված»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ ծրագիրն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն: Ծրագրի ավարտից հետո ծառայությունների 80-90-%-ը կմատուցվի մեկ օրվա ընթացքում, մեկ պատուհանի սկզբունքով, մեկ այցելության միջոցով կամ դրանք կմատուցվեն առցանց եղանակով:
Նշենք, որ այսօր ՀՀ նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցությանը ներկա էին նաև զինդատախազ Գևորգ Կոստանյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:









