Ի՞նչ մրցակցային շուկայի մասին է խոսքը մի երկրում, որտեղ ամրագրված է օլիգոպոլ կարգավիճակ. Արմեն Մարտիրոսյան
Դեղերի ներմուծմամբ զբաղվող «Սզնի» ընկերության և նրա տնօրեն Գառնիկ Սահակյանի ճակատագիրն ամենաթարմ օրինակն է, որը վկայում է, որ այսօր Ազգային ժողովում քննարկվող ՀՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրում նշված գերակայությունները, այդ թվում՝ ազատ մրցակցային շուկայի մասին դրույթներն, ընդամենը, խոսքեր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով այսօր, հին սովորույթի համաձայն, մամուլի ասուլիսում քննադատում էր ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը:
«Ի՞նչ մրցակցային շուկայի մասին է խոսքը մի երկրում, որտեղ, ի սկզբանե, ամրագրված է օլիգոպոլ կարգավիճակ, նաև՝ որոշակի օրենսդրական նախաձեռնություններով»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը և հավելեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ-ի կողմից «Նատալի ֆարմին» 50 միլիոն դրամ տուգանելը՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ «Սզնի ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանին որևէ օգուտ այսօր չի կարող տալ:
Ավելին, ըստ Արմեն Մարտիրոսյանի, Գառնիկ Սահակյանը սնանկ է և այսօր վաճառքի է հանել տարիներ ի վեր իր «իդեալական աշխատանքով ստեղծածը»:
Հիշեցնենք, որ օրերս ՏՄՊՊՀ-ն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությանը տուգանեց գերիշխող դիրքը չարաշահելու համար և հայտարարվեց, որ «Սզնի» ընկերության մուտքը շուկա խոչընդոտել է Ալեքսանյանին պատկանող ընկերությունը:
Իսկ այն, որ Գառնիկ Սահակյանն իդեալական է աշխատել, Արմեն Մարտիրոսյանը հիմնավորեց հետևյալ փաստով՝ երբ մի քանի տարի առաջ «Սզնու» ղեկավարն ընդդիմադիր գործունեություն էր ծավալել, բոլոր մարմինների կողմից ենթարկվեց «բոլոր տեսակի ստուգումների»:
«Բայց անգամ այդ կանխակալ մոտեցման դեպքում, նրան պատկանող ընկերությունում որևէ խախտում չի հայտնաբերվել»,-եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:









