ՌԴ-ում միջէթնիկ բախումներին վերջ տալու համար կնկարահանվեն կովկասցիների «քաղցր» կերպարով ֆիլմեր

13:00 • 21.06.12

ՌԴ մշակույթի նախարարությունը նպատակ ունի դիմել կինոյի օգնությանը` երկրում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև բախումներին վերջ տալու համար: Ինչպես գրում է «Իզվեստիա» թերթը, կինոյում երկրի ազգային փոքրամասնություններին «կստիպեն համերաշխ ապրել կողք-կողքի», ինչն էլ կնպաստի նրանց դրական կերպարի ձևավորմանը: Այս կապակցությամբ, ըստ թերթի, ռուսական կինեմատոգրաֆի զարգացմանն ուղղված ներկայիս ծրագիրը կնորացվի:

 

Պետդումայի` ազգությունների հարցերի հանձնաժողովի անդամ Միխայիլ Մարկելովի խոսքով` այս գաղափարը կօգնի ձևավորել մասնավորապես կովկասցիների դրական կերպարը:

«Ժամանակին մենք ունեինք հրաշալի ֆիլմեր` «Միմինո», «Կովկասի գերուհին», որոնցից հետո Կովկասի իմիջ ձևավորելու ոչ մի կարիք չկար»,- ասել է նա:


Վերջին ժամանակներում Ռոսաստանի տարածքում հաճախակի են դարձել Կովկասի ներկայացուցիչների միջև կռիվները: Օրերս Մոսկվայում կրակահերթ են բացել ինգուշներն ու չեչենները: Սակայն կռիվների «հարթակ» է ոչ միայն Մոսկվան, այլև ռուսական հեռավոր քաղաքները, ինչն անհանգստացնում է ռուսական իշխանություններին: