Մինսկի խմբի համանախագահները հուլիսին կայցելեն տարածաշրջան. ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում փարիզյան հանդիպումը: Այս մասին, ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Փարիզում հանդիպում են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) ու Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Ռուսական կողմը դրական է գնահատում նման հանդիպումները` քաղաքական երկխոսության շարունակման տեսանկյունից»,- ասել է Լուկաշևիչը:
Հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ փարիզյան հանդիպումը նախապես ծրագրված էր:
«Նախարարները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան խնդրի լուծման, վերջին ժամանակներում շփման գծում միջադեպերի հարցերի շուրջ»,- ասել է նա:
Լուկաշևիչը հայտնել է, որ ՄԽ համանախագահները պատրաստվում են հուլիսին այցելել տարածաշրջան:
Անդրադառնալով Մեքսիկայում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների` ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. «Դա (համատեղ հայտարարություն) ցույց է տալիս, որ ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորումը բխում է համանախագահ երեք երկրների շահերից»:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էին արել արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը:
Նրանք նաև կոչ են արել 2 երկրների իշխանություններին` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառումից և հավատարիմ մնալ 1994 թ.-ին հաստատված հրադադարի համաձայնագրին:









