Բրյուսելը զգուշացրել է Քիշնևին` «ձախ չգնալ». Независимая газета

12:32 • 21.06.12

Հուլիսի 1-ին Մոլդովայում աշխատանքները կսկսի Եվրասիական լրատվական գործակալությունը: Գործակալության թղթակցական կետեր կտեղակայվեն հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, իսկ նպատակը եվրասիական ինտեգրման քարոզարշավն է և, մասնավորապես, դրա առաջին փուլի` Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցությունը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Ըստ թերթի` անդամակցության առումով հանրապետությունում այժմ ստորագրահավաք է ընթանում: Սակայն Քիշնևում Եվրամիության պատվիրակության ղեկավար Դիրք Շուբելը նախազգուշացրել է`դեպի Եվրամիություն ու Մաքսային միություն ինտեգրացիոն վեկտորներն անհամատեղելի են` կամ այս կողմ, կամ այն:


«Մոլդովան, ինչպես հայտնի հեքիաթում, հայտնվել է խաչմերուկին, երբ որ կողմ էլ գնաս` ձախ, թե աջ, առանց կորստի չես կարող»,- գրում է հոդվածագիր Սվետլանա Գամովան:

Ըստ մոլդովացիների` Եվրոմիությանն ինտեգրումը նշանակում է կորցնել Ռուսաստանում աշխատելու հնարավորությունը, այն դեպքում, որ ամեն օր լեցուն գնացքները Մոսկվա են տեղափոխում բազմաթիվ մոլդովացիների: Սակայն Մոլդովայի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների խոսքով` Եվրասիական միությանն ինտեգրումը նույնն է, ինչ վերադառնալ 1937 թվական:


Եվ նման կերպ մտածելով` «օգնության են վազում նույնիսկ ոչ թե Եվրամիություն, այլ ՆԱՏՕ, որը, ինչպես նրանց է թվում, կարող է պաշտպանել երկրի Արևելքում ծավալվող իրադարձություններից:

 

Մոլդովայում անցկացված հարցումները վկայում են, որ բնակչության մեծամասնությունը կողմ է Մաքսային միությանը, իսկ հեռանկարում նաև Եվրասիական միությանն անդամակցությանը: Իսկ ավելի քան 70%-ը կտրականապես դեմ է Մոլդովայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, այսինքն` դեմ իշխանությունների վարած քաղաքական կուրսին:


«Եվրամիությանն այլընտրանք միության ստեղծումը մեր պետության համար լավ գաղափար է: Սակայն Մոլդովայի քաղաքական կլանը թույլ չի տա երկիրը շրջել 180 աստիճանով: Դեպի Եվրամիություն բռնած կուրսը չի փոխվի, ինչ կարգախոս էլ հնչեցնեն ռուսամետ ձախ կուսակցությունները»,- թերթի հետ զրույցում ասել է Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիորել Չիբոտարուն:


Մաքսային միությանը, այսօրվա դրությամբ, երկրում կողմ է միայն նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի գլխավորած կոմունիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը և «Մոլդովայի հայրենասերներ» կուսակցությունը: