Ջուղայի գերեզմանատան ավերումից մինչև ազերիների վերջին ագրեսիա. ինչ է ասել Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանը Սենատում

10:55 • 21.06.12

Բաքվում ԱՄՆ-ի նոր դեսպանի՝ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության հաստատմանը նախորդել է հարցուպատասխան ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հրատապ խնդիրների շուրջ Մորնինգսթարին հարցեր են ուղղել, մասնավորապես, սենատորներ Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը՝ խիստ դիրքորոշում պահանջելով ազերիների ագրեսիայի հարցում, հայտնում է Asbarez-ը:

 

Հայստանի և Լեռնային Ղարաբաղի վրա Ալիևների ռեժիմի շարունակվող հարձակումների և Ջուղայում հայերի դարավոր գերեզմանատան ավերման խնդիրների վերաբերյալ սենատորներ Բարբրա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի ինտենիսվ հարցումներից հետո ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել էր Ռիչարդ Մորնինգսթրի դեսպանական թեկնածությունը Բաքվում:

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Կառավարական հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը շնորհակալություն է հայտնել սենատորներ Բոքսերին և Մենենդեսին: Նահապետյանը բացատրել է, թե ինչպիսի դեսպան է հարկավոր Ադրբեջանին. «Ադրբեջանում մեզ հարկավոր է արդյունավետ գործող ամերիկացի պաշտոնյա՝ մեկը, որը դեմ կկանգնի ավտոկրատ ռեժիմին, որը խոչընդոտ է մնում խաղաղությանը՝ իր հակահայկական հարձակումների և թշնամանքի միջոցով»: Հանձնախումբը հույս է հայտնել՝ դեսպան Մորնինգսթարը «տարածաշրջանում կապահովի հավասարակշռված քաղաքականություն, որը հարգում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»:

 

Նշանակումից հետո իր տարածած հայտարարության մեջ սենատոր Բոքսերը ընդգծել է այն կետերը, որոնք, հուսով է, որ Մորնինգսթարը առաջնահերթություն կդարձնի Ադրբեջանում իր պաշտոնավարման ընթացքում: «Միանգամայն կարևոր է, որպեսզի դեսպան Մորնինգսթարն օգտագործի իր պաշտոնը՝ արձագանքելու և հակադարձելու Ադրբեջանի կառավարության ագրեսիայի աճող գործողություններին և սպառնալիքներին՝ Հայաստանի ու Ղարաբաղի դեմ»:

Սենատորը կոչ է արել Մորնինգսթարին «հորդորել Ադրբեջանի կառավարությունը պահպանել ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի 1994-ին սահմանած հրադադարի համաձայնագիրը», ինչպես նաև՝ հետաքննություն անցկացնել Ջուղայի հայկական գերեզմանատան ավերման շուրջ:

 

Հարցուպատասխանի ժամանակ Մորնինգսթարն ասել է. «Իմ թեկնածության հաստատման դեպքում կաշխատեմ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ և այդ հարցով կզբաղվեմ Ադրբեջանի կառավարության ամենաբարձր օղակների հետ՝ հորդորելու հարգել հրադադարը»:

 

Երբ սենատոր Բոքսերը մեջբերել է Ալիևի հայտարարությունը, թե «[Ադրբեջանի] գլխավոր թշնամին աշխարհի հայությունն է», Մորնինգսթարը ավելի անմիջական է պատասխանել. «Ես սպառիչ փաստարկներ կներկայացնեմ առ այն, որ անպատասխանատու հայտարարությունները անընդունելի են և խարխլում են մեր ջանքերը… Ես Ադրբեջանի կառավարությանը կհորդորեմ զսպվածություն ցուցաբերել իր հայտարարություններում և իր ժողովրդին խաղաղության պատրաստել, ոչ պատերազմի»:

 

Ինչ վերաբերում է Ջուղայի գերեզմանատան ավերմանը, սենատոր Բոքսերը դա բնորոշել է որպես «կրոնական ազատությանը հասցված վիրավորանք»: Մորնինգսթարը խոստացել է Ջուղայի առնչությամբ ամերիկյան մտահոգությունները փոխանցել Ադրբեջանին և ընդգծել հայկական մշակութային կրոնական վայրերը հարգելու անհրաժեշտությունը: