Ադրբեջանի ղեկավարության որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է տարածաշրջանային անվտանգությանը. ՀՀ ԱԳ նախարար

11:30 • 21.06.12

Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը:

 


Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

 

 

«Ռիո+20» գագաթաժողովին ելույթով հանդես է եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով անդրադարձել է կայուն զարգացման և բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսել տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:

 

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներառված էր 1992թ. գագաթաժողովում և դրան հաջորդող 20 տարիների ընթացքում ջանքեր է գործադրել հնարավորինս իրականացնելու առաջին գագաթաժողովի հռչակագրից բխող պարտավորությունները: Այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի և արձանագրությունների և այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է հետևյալ հանգամանքը, թե.«Հազարամյակի հռչակագրի կարևոր մաս նվիրված է անվտանգության և կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:

 


Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:
Այսօր, մենք ականատես ենք հարևան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: