Օսկանյանին կրկին կանչել են ԱԱԾ
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է արել՝ տեղեկացնելով, որ արդեն երրորդ անգամ հրավիրվում է ԱԱԾ:
«Քանի դեռ խորհրդարանում ընդմիջում է, ասեմ, որ արդեն երրորդ ծանուցագիրն եմ ստացել ներկայանալու Ազգային անվտանգության ծառայություն՝ վաղը ժամը 14:30-ին»,- գրել է Օսկանյանը:
Նշենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության քրեական գործով նախաքննություն է իրականացվում ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
«Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 մլն ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացրել: Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է», մասնավորապես նշված էր հայտարարության մեջ:
Ինքը՝ Օսկանյանը համարում է, որ դա քաղաքական հետապնդում է իր հանդեպ: «Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,- ավելի վաղ հայտարարել էր նա:
Նշենք նաև, որ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն նշված հոդվածով նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում:
Վերջին անգամ Օսկանյանն ԱԱԾ էր հրավիրվել հունիսի 13-ին և հրաժարվել ցուցմունք տալուց: Այս քայլն Օսկանյանը բացատրել էր գործում ոչ թե որպես վկա, այլ կասկածյալ ներգրավված լինելու հանգամանքով:









