Պայթյուն Կոտայքի մարզում գտնվող նավթի վերամշակման չգործող արտադրամասում. կա մեկ զոհ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 21-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.30-ի սահմաններում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող նախկին նավթի վերամշակման չգործող արտադրամասում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածը նույն հիմնարկության պահակ 55-ամյա Ներսես Ղազարյանն էր: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Նաիրիի հրշեջ փրկարարաները: Արդեն դեպքի վայր է ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննչական խումբը:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, այս պահին փորձագետները չեն կարող ասել, քանի որ աշխատանքներ են կատարում պարզելու համար պայթյունի պատճառները:
Տեղում է նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղպաշտպանության վարչության աշխատակիցները՝ վարչության պետ ՓԾ գնդապետ Մանվել Ներսիսյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









