Սանկտ Պետերբուրգում հայերը, փաստաթղթեր կեղծելով, խոշոր վարկեր են ստացել

14:07 • 21.06.12

Սանկտ Պետերբուրգում կասեցվել է հայերից, ուկրաինացիներից ու ռուսներից կազմված հանցավոր խմբի գործունեությունը: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի վարչությանը, հանցավոր խումբը գործել է ոչ միայն քաղաքում, այլ ողջ Պետերբուրգի մարզում:

 

Խմբի անդամների կողմից ընտրվել են «մաքուր» վարկային անցյալ ունեցող բնակիչներ, ապա պատրաստվել են նրանց կեղծ անձնագրերը, եկամուտների մասին տեղեկանքներ ու վարկ ստանալու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Գործարքի մեջ մտնելով բանկերի վարկային բաժինների աշխատակիցների հետ` հանցագործները վարկային պայմանագրեր են ձևակերպել, ինչից հետո ստանալով բանկային քարտեր ու ծածկանուններով ծրարներ` ստացել գումարը:

 

Նման կերպ հափշտակված նյութական միջոցների ընդհանուր գումարը կազմել է մոտ 13 մլն ռուբլի: Հետաքննություն է տարվում հանցավոր գործունեության 27 դրվագներով:

 

Հանցավոր խմբի կազմակերպչի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուս անդամները ստորագրությամբ ազատ են արձակվել` մինչ հետաքննության ավարտը: