Միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է. «Սարդարապատ»

14:32 • 21.06.12

«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով տարածաշրջանային, ինչպես նաև այդ համատեքսոտւմ արցախյան խնդրի շուրջ ներկա զարգացումներին և այդ «փակուղային վիճակից» դուրս գալու իր լուծումը: ներկայացնում ենք հայտրարությունը ստորև.


«Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին:



Իրադարձությունների զարգացման միտումները խոսում են այն մասին, որ հայության ռազմավարական շահերը վտանգված են ինչպես Արցախում, այնպես էլ տարածաշրջանի մի շարք երկրներում, առաջին հերթին` Սիրիայում, որտեղ իրավիճակի հավանական վատթարացումը կարող է հանգեցնել հայերի զանգվածային տեղահանության և արտագաղթի»:
 


Անդրադարձ կատարելով Արցախյան խնդրից բխող հայկական երկու պետությունների հետագա գործողություններին ասվում է. «տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր պատկերի մեջ հայության կենսական շահերի առավելագույն իրացումն ապահովելու նպատակով առաջին հերթին անհրաժեշտ է հայ ժողովրդի ձեռքում պահել Արցախյան հակամարտության լուծման բանալին, ինչի գրավականը հետևյալ գործոններն են.Արցախի հայաբնակություն, ազգային բանակով պաշտպանվածություն, դիրքային և ռելիեֆային առումներով օպտիմալ սահմանային գծով պարփակված պաշտպանական ենթակառույցի առկայություն:


Մինչդեռ Հայրենիքի հազարամյա հողին կյանք ու շունչ հաղորդելու փոխարեն ՀՀ և ԼՂՀ վարչախմբերը իրենց իշխանությունը ազգային շահերի հաշվին երկարաձգելու նպատակով որդեգրել են հակամարտության լուծման իրավունքն իրենց վերապահած ուժային կենտրոնների շահերին չխոչընդոտելու և դրանց համահունչ լինելու անողնաշար վարքագիծ: Նրանք հայրենի հողի ազատագրված հատվածները ներկայացնում են ընդամենը որպես անվտանգության գոտի ստեղծելու նպատակով զբաղեցված տարածքներ, որոնք հակամարտությունն այդ ուժային կենտրոնների շահերին համապատասխան լուծվելու պարագայում նախատեսում են վաճառքի առարկա դարձնել»:


Անդրադառնալով ներքին քաղականության խնդիրներին`մասնավորապես արտագաղթին «Սարդարապատ» շարժումն արձանագրում է. որ «անհեռանկար, պարտվողական և հայության ներուժն սպառող քաղաքականության հետևանքով ոչ միայն կասեցվել է հրադադարի հաստատումից հետո սկիզբ առած բնակեցման գործընթացը, այլև տեղի է ունենում վերաբնակիչների արտագաղթ, ինչը սպառնում է ազատագրված տարածքների վերջնական հայաթափման հետևանքով հակամարտությունն ի վնաս հայության լուծելու առարկայական նախադրյալների ձևավորմամբ:


ՀՀ և ԼՂՀ վարչախմբերն իրենց քաղաքական սնանկության բացը փորձում են լրացնել Ադրբեջանական կողմի դիվերսիոն ակտերին սիմետրիկ պատասխաններ տալով, ինչն իրականում ընդամենը բանակի նվազագույն ու առօրյա պարտականությունն է և նույնիսկ հակառակորդի գործողություններից մի քանի անգամ արդյունավետ իրականացնելու պարագայում չի կարող դառնալ զսպման գործոն»:


Որպես առկա խնդիրների ընդհանրապես և Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման բանաձև, մասնավորապես. «Սարդարապատ» շարժումը մեկ անգամ ևս ազդարարում է, որ ռազմական առումով լուծված Արցախյան հարցի ամբողջական ու անշրջելի լուծման միակ տարբերակը անհապաղ կերպով ազատագրված տարածքներին համազգային նշանակության հատուկ գոտու կարգավիճակ տալն է և դրանց յուրացումն ու բնակեցումը զարգացման համընդգրկուն ազգային ծրագրի վերածելը: Որպես այդ ծրագրի բաղադրիչ պետք է դառնա Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանության զոհերի հետնորդներին իրենց ներկա բնակության երկրներում սպառնացող աղետալի հետևանքներից փրկելու նպատակով կենսական տարածքի տրամադրումը: Հապաղումը հավասարազոր է հանցավոր անգործության, քանզի անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի երկրների հայկական գաղութների, առաջին հերթին՝ սիրիահայության, գործոնի կազմալուծմանը և զգալի չափով կնվազեցնի Արցախի հարցի ամբողջական հայանպաստ լուծման փաստական նախադրյալների ձևավորման ռեսուրսը»:


«Նման պայմաններում ընթացող Արցախի Նախագահի ընտրություններում ներգրավված ժողովուրդը, բանակն ու քաղաքական ուժերը պարտավոր են գիտակցել, որ Արցախի անկախությունը պետք է օգտագործվի բացառապես ի նպաստ Արցախը ՀՀ-ին վերամիավորման, նրա տարածքի հայացման և հայրենացման, քանզի մնացած բոլոր ճանապարհները Հայ ազատամարտիկների արյան ու Հայ ժողովրդի կրած զրկանքների ուրացում է և դավաճանություն»,-ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում: