Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումը կամային է. բնապահպաններ

17:56 • 21.06.12

Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ Քնարիկ Հովհաննիսյանը, Սիլվա Ադամյանը և «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեցին, թե Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումը կամային է: Նրանք չեն հավատում կառավարության բերած պատճառաբանությանը, թե լրացուցիչ ջրառի անհրաժետությունը պայմանավորված է նրանով, թե տարին ջրառատ չէ և ջրամբարներում ջրի պակաս կա:

 

Բնապահպանները ՀՀ կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու համար նամակ են ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, որտեղ, ինչպես Սիլվա Ադամյանն է նշում՝ ներկայացրել են, որ չեն հավատում բերված պատճառաբանությանը և պահանջում են հիմնավորում ՝ ինչո՞ւ:

 

Մինչ այդ բնապահպանները նման բովանդակությամբ մեկ այլ նամակ- դիմում էլ ուղարկել էին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին, որից հետո հանդիպել հանձնաժողովականների հետ:

 

«Հանդիպման ընթացքում ասացինք, որ ձնառատ տարի է եղել և դեռ ամռանն էլ են սպասվում ջրառատ անձրևներ: Ի՞նչ պատահեց, որ ջուր չկա: Բայց այդպես էլ հստակ պատասխան չստացանք: Ասացին, թե ձյունը հալչում է, հողը կլանում է և ջուրը չի գնում ջրամբար, ինչը ծիծաղելի է»,-ասաց Սիլվա Ադամյանը:

 

Բնապահպաններից Ինգա Զառաֆյանը տեղեկացրեց, որ հասցրել է լինել Սևանում, խոսել տեղի բնակիչների, փորձագետների հետ. «Նրանք զարմացած էին, որ դեռ կառավարության որոշումը չհաստատված, Սևանա լճից սկսել են ջուր բաց թողնել դեռ մայիս 1-ից: Սա աննախադեպ է»:

 

Զառաֆյանը սեփական աչքով է տեսել, որ Սևանից դուրս եկող ջրատարն այնքան է լցված, որ քիչ է մնում ջուրը թափվի: Նրա համոզմամբ, շատ ավելի ջուր կվերցվի Սևանից, քան ասվում է:


«Էկոլուր» ՀԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ սրան զուգահեռ իրենք գնացել են նաև Արարատյան դաշտավայր: «Այստեղ լաց են լինում ֆերմերները, քանի որ նրանց ջուր չեն տալիս, նախօրոք են գումարներն ուզում»: Ո՞րն է կառավարության այս որոշման նպատակը, հարց է հնչեցնում ՀԿ նախագահը:
Քնարիկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ Արարատյան դաշտավայում գյուղացիները ջուր ստանում են անժամանակ, ոչ լիարժեք քանակությամբ:


Սիլվա Ադամյանը հիշեցրեց, որ չնայած կառավարությունը մեծ գումարներ էր տրամադրել լճի ափերը մաքրելու համար, սակայն այսօր լճի ափամերձ տարածքներում ճահճացման գործընթաց է գնում, քանի որ դրանք չեն մաքրվել.«Հավանաբար սա ևս պատճառ է, որ հասցնեն ափերը մաքրել, կամ էլ ջրի մակարդակի բարձրացան գործընթացը կանգնեցնեն, որ ջրի տակ չմնան այն մարդկանց շինությունները, որոնց կառուցելու թույլատվություն է տրվել»,-ասաց նա:

 


Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով, ըստ օրենքի թույլատրվում է ոռոգման նպատակով Սևանա լճից տարեկան բաց թողնել 170 մլն խմ ջուր, նաև լրացուցիչ՝ 150 մլն խմ:


Վերջինս նկատում է, որ Կառավարության այս որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ և ցանկացած ժամանակ թույլատրվել նման մեծ քանակի ջուր բաց թողնել: «Եթե այս ջուրն իսկապես գյուղացու համար լիներ, կմտածեինք՝ լավ, բայց իրականում սա այլ նպատակով է արվում»,-համոզված է նա:

 


Ինգա Զառաֆյանի պնդմամբ՝ կառավարության սույն որոշման համար կարող է մեկ այլ պատճառ ևս լինել՝ ձկնաբուծարաններին ջուր մատակարարելը, որոնց համար, ըստ նրա, արտեզյան ջրերը չեն բավարարում: