Սևանա լճից իրական ջրթողի նպատակը «օբյեկտների» փրկումն է. փորձագետ
«Սևանա լճից 320 մլն խմ ջուր բաց թողնելու որոշումը կայացվել է սրտի ցավով, ուրիշ ճար չունեինք»,- հավատացնում է Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը, ով պնդում է, թե ինքը 1986թ-ից զբաղվում է Սևանի հարցերով և այսօր էլ իրենց համար դժվար է եղել առաջնահերթություն տալ ոչ թե Սևանին, այլ ջրօգտագործողներին:
«Առաջնահերթությունը, դժբախտաբար, ոչ թե Սևանին տրվեց, այլ 80 000 շահառուներին, որոնց բերքը չենք կարող թողնել առանց ջրի: Բարձրացումը վտանգելը հանցագործություն է, բայց հանցագործություն է նաև ցանած բերքին ջուր չհասցնելը»,-ասաց նա և նշեց, որ անբարենպաստ պայմանների պատճառով այս տարի ջրամբարները կիսադատարկ են մնացել, որի պատճառով էլ ստիպված են եղել Սևանից ջուր բաց թողնել մայիս ամսից:
Յուրի Ջավադյանը պնդում է, որ չնայած որ այս տարի առատ ձյուն է եկել, սակայն հալոցքին ոչ թե ջրամբարներ են լցվել, այլ ներծծվել են հողի մեջ: «Ամեն տարի Սևանից ջուր է բաց թողնվում հունիսի երկրորդ կեսից, սակայն այս տարի բաց ենք թողել մայիսին, անբարենպաստ եղանակային պայմաների պատճառով: Այս տարի ավելի շատ ձյուն կար, քան անցած տարի, բայց հավաքված ջուրը հոսքեր չունեցավ, ներծծվեց, դրա համար էլ ստիպված եղանք ոռոգման համար ջուր բաց թողնել մայիսի 2-ից»,-ասաց նա:
Յուրի Ջավադյանը նշեց, որ ըստ հաշվարկների, տարեկան Սևանը պետք է բարձրացնել 20 սանտիմետրով, բայց ջուրն ավելի արագ է բարձրանում:
Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հիշեցնում է, որ ըստ Սևանի մասին օրենքի՝ իրավունք կա տարեկան մինչև 170 մլն խմ ջուր բաց թողնել: Այս համատեքստում նման որոշումը նա համարում է զավեշտալի՝ քանի որ այս որոշման իրական նպատակը բարձրացող ջրից «հարուստների» առանձնատները փրկելն է, որոնք անօրինական ձևով կառուցվել են`սահմանված 1903 նիշը հաշվի չառնելով: Ըստ նրա, պատճառաբանությունը, թե երաշտ է, անհեթեթություն է, քանի որ նրա համոզմամբ՝ եղանակային կտրուկ փոփոխություններ չեն եղել:
«Առանձնապես շեղում չկա, կա պլան բարձրացնելու և դրան զուգահեռ կան եկամտաբեր օբյեկտներ, որոնք ջրի տակ կման»,-ասաց նա:
Յուրի Ջավադյանը հակադարձեց, որ ջուրն ինքը հավասարակշռությունը պահում է և այդ բոլոր առանձնատները հավասար չափով ջուր է լցվում: Ըստ նրա, մինչև հիմա 300 տուն քանդվել է և ոչ ոքի փաստաթուղթ չի տվել, որ պետությունը վճարի: «Պետությունը պարտավորություն չունի, որոշում կա, դեռևս1978 թվականից, որն ասում է 1903 նիշից ցածր կառուցապատման իրավունք չկա»,- ասաց նա և հավելեց, որ եղած 1100 շինություններից 82%-ը շարժական է եղել և քանդվել են հեշտությամբ: Նա հայտարարեց, թե այդ պատճառով ջրի մակարդակը չի իջեցվելու:









