Ռազմատեխնիկայով բեռնված ռուսական նավը դուրս է եկել Սևաստոպոլից

18:50 • 21.06.12

Ռազմական տեխնիկայով բեռնված Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» մեծ դեսանտային նավն այսօր դուրս է եկել Սևաստոպոլից ու ուղևորվել Նովոռոսիյսկ: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Սևծովյան նավատորմի միավորված դեսանտային նավերի սպաներից մեկը (անունը չի նշվում): Ըստ նրա` նավը պետք է պլանային ընթացիկ նորոգման աշխատանքներ անցնի:


Նավի վերադարձը Սևաստոպոլ սպասվում է հունիսի 25-ին: Իսկ ինչ վերաբերում է «Ցեզար Կունիկով» մեծ դեսանտային նավին, ապա սպան նշել է, որ այն Սևաստոպոլում է: Երեքշաբթի հաղորդվում էր, որ Սիրիա կուղևորվեն «Ցեզար Կունիկով»-ը, «Նիկոլայ Ֆիլչենկով»-ը և Բալթյան նավատորմի «Կալինինգրադ» դեսանտային նավը, ինչը հերքվեց հենց նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարության կողմից:

Ի դեպ, ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Սիրիա այցելություններից, եթե չկա դրա ծայրահեղ անհրաժեշտություն:

 

Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները, որը Ռուսաստանին կասկածում է Սիրիա զենքի անօրինական մատակարարումների մեջ, անմիջական մասնակցություն ունի Սիրիայում զինված հակամարտությանը:

Ինչպես հայտնում է The New York Times-ը` վկայակոչելով ամերիկյան չինովնիկների ու արաբական հատուկ ծառայությունների աղբյուրների, Թուրքիայի հարավում` Սիրիայի հետ սահմանից քիչ հեռու, գաղտնի գործում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական ծառայության աշխատակիցների խումբը, որը զբաղվում է սիրիացի ընդդիմադիրների զինմամբ:

 

Հատուկ ծառայությունների սպաները թուրքական սահմանի մոտ են գտնվում արդեն մի քանի շաբաթ, և նրանց հիմնական խնդիրն է օգնել ընդդիմադիրներին և հետևել, որ զենքը չհայտնվի «Ալ Կաիդա» և այլ ահաբեկչական խմբավորումների ձեռքում: