Կրասնոյարսկում 10 օր է`փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին

15:51 • 21.06.12

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում արդեն 10 օր է` փնտրում են 16-ամյա Սյուզաննա Հովհաննիսյանին:

 

Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, աղջիկն աշխատում էր «Կրասնոյարյե» առևտրային կենտրոնի ամառային սրճարանում իր հորաքրոջ` Ալինա Հովհաննիսյանի հետ միասին, ում տանն էլ բնակվում էր:

Հունիսին 10-ին, սովորականի պես Սյուզաննան գնացել է աշխատանքի: Երեկոյան ժամը 11.00-ին հորաքույրը եկել է տուն, իսկ նա մնացել մատուցողներին օգնելու: Աղջկան հորաքույրը երկար մնալ թողել էր պայմանով, որ սրճարանի փակվելուց հետո, տերերը կուղեկցեն նրան մինչև տուն:

Գիշերվա ժամը 02.00-ին տիկին Ալինան լսել է, թե ինչպես է տանը մոտեցել մի ավտոմեքենա: Սյուզաննան իջել է մեքենայից ու մոտեցել մուտքին, սակայն դուռն այդպես էլ չի բացել: Այդ ամենը հորաքույրը լսել է բաց պատուհանից:

Վավիլովի փողոցում գտնվող շենքերից մեկում վարձած բնակարանում Սյուզաննան ապրում էր հորաքրոջ ու նրա ամուսնու հետ վարձով, պարզաբանում է kp.ru-ն:

Տասը րոպե անց անհանգստացած հորաքույրը զանգահարել է իր զարմուհուն տուն ուղեկցած անձանց: Բոլորով սկսել են փնտրել նրան բակում, այնուհետև մեքենայով շրջել մերձակայքում:

Մինչև առավոտ փնտրելուց ու կես օր սպասելուց հետո նրանք զանգահարել են ոստիկանություն:

«Սկզբում մտածում էինք, որ կարող է ինչ-որ մեկի հետ զբոսնելու է գնացել` մտածելով, որ միևնույն է ուշ է, և մենք չենք նկատի, թե նա քանիսին է եկել: Հնարավոր է` շատ է ման եկել ու վախեցել է ուշ տուն գալ»,- ասել է տիկին Ալինան` հավելելով. «Հնարավոր է` ես եմ մեղավոր, որ շատ խիստ եմ եղել նրա հետ»:


Կինը չի թաքցրել, որ հաճախ է վիճվել զարմուհու հետ, քանի որ խիստ է եղել ու շատ բաներ նրան թույլ չի տվել, իսկ դեպքի նախօրեին հերթական վեճի ժամանակ կինն ասել է, որ նրան հետ կուղարկի Հայաստան, ինչն աղջիկը չի ցանկացել:

Մինչ անհետացումը, Սյուզաննան տան վարձակալի թոռան` 16-ամյա Դաշայի հետ խոսակցության ժամանակ ասել է, որ ցանկանում է փախչել տնից:

 

Սյուզաննան Գյումրիից Կրասնոյարսկ է մեկնել նախորդ տարվա սեպտեմբերին: Իսկ Գյումրիում նրան խնամում էր տատը, ով իմանալով թոռան անհետացման մասին` այժմ վատառողջ է: Աղջկա ծնողները դեռ չգիտեն դստեր անհետանալու մասին (չի նշվում, թե նրանք որտեղ են բնակվում), հորաքրոջ խոսքով` վախենում են հայտնել:

Տիկին Ալինան նշել է, որ նա ու իր ամուսինը միշտ հետևել են Սյուզաննայի յուրաքանչյուր քայլին, միշտ իմացել` որտեղ է նա և ում հետ:

«Մեր` հայերիս մոտ ամեն ինչ խիստ է: Եվ եթե պարզվի, որ նա փախել է, դա կլինի խայտառակություն»,-ասել է հորաքույրը:

 

Անհետանալուց մեկ օր առաջ հորաքույրը նրան գումար է տվել հագուստ գնելու համար ու ասել` «Գնի’ր ինչ ուզում ես, միայն կարգին մի բան», սակայն Սյուզաննան գնել է կարճ շորտեր: Կինը նաև պատմել է, որ Սյուզաննային համակրում էր ուզբեկ մի երիտասարդ` Միշա անունով, ով Սյուզաննայից տարիքով մեծ է ու աշխատում է որպես անվտանգության աշխատակից: Հորաքույրը դեմ է եղել նրանց հարաբերություններին: Կինը նշել է, որ անհետանալուց հետո, կարծել են, թե նա Միշայի մոտ է, սակայն պարզվել է, որ դա այդպես չէ:

 

Ոստիկանները զբաղված են Սյուզաննայի փնտրտուքներով: Չի բացառվում նրա քրեական անհետացման վարկածը: