Վահե Ավետյանի մոտ ոչ մի դրական փոփոխություն չկա. Հոսպիտալի հերթապահ բժիշկ

20:07 • 21.06.12

Հունիսի 17-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի արդյունքում գանգուղեղային վնասվածքներ ստացած ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, և ինչպես հայտնեցին զինվորական հոսպիտալի ընդունարանից, «ոչ մի դեպի լավը փոփոխություն» չկա: Սա ընդունարանում հերթապահող բուժքույրի պատասխանն էր Tert.am –ի այն հարցին, թե արդյո՞ք բժիշկները փորձում են ցրել նրա մոտ ի հայտ եկած հեմատոման:

 

Tert.am-ի հետ զրույցում հոսպիտալի գլխավոր բժիշկ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ խոսքը ոչ թե հեմատոմայի մասին է, այլ «ուղեղի այտուցի և դրա հետևանքների»:



Հիշեցնենք, որ երեկ հրավիրվել է կոնսիլիում և ռազմական բժիշկը շնչում է արհեստական կենսաապահովման համակարգի միջոցով: Արամ Ասատուրյանը հայտնեց, որ կոնսիլիումը հրավիրվել է ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի, գլխավոր ռեանիմատոլոգի և այլ առաջատար մասնագետների մասնակցությամբ: Ի պատասխան հարցի, թե արդյոք չի քննարկվել Վահե Ավետյանին կրկին վիրահատելու հարցը, հոսպիտալի գլխավոր բժիշկն ասաց, որ ոչ:



Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն ենթարկվել է նյարդավիրաբուժական վիրահատության: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
 

Դեպքի կապակցությամբ արդեն իսկ կա 7 ձերբակալված: