Այսօր ուժը մղվել է հետին պլան, իսկ առջևում՝ գիտելիքներն են և էթիկայի նորմերը. Վլադիմիր Գասպարյան (լուսանկարներ)
ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 20 ամյակի առիթով այսօր Ավան թաղամասում գտնվող ներքին զորքերի զորամասում անցկացվեց շքերթ, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության ծառայության քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և մի շարք այլ բարձրաստիճան անձինք:
Մինչ շքերթը՝ ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին մեդալներով, ստացան պատվոգրեր: Ոստիկանության ծառայողներից մեկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրեց անվանական զենքով:
Տոնական հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցվեց նաև ոստիկանության ծառայողներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասված է.
«20 տարի առաջ ձևավորվեց մի կառույց, որի դերն ու կարևորությունն անհնար է գնահատել: ՀՀ ոստիկանության զորքերն անցել են պատվավոր ճանապարհ՝ արցախյան հերոսամարտից մինչև առօրյա խնդիրներ: Ձեր գործունեության մեջ յուրաքանչյուր դրական փոփոխություն՝ տեսնում ու գնահատում է ՀՀ քաղաքացին»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ևս շնորհավորեց ոստիկանությանն ու բարի ծառայություն մաղթեց:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ոստիկանությունը մեր հասարակության լավագույն հատվածն է:
«Այստեղ մարդիկ են, ովքեր պատրաստ են իրենց քաղաքացիների համար զոհել կյանքը, գնալ հանցագործությունների բացահայտելու ուղղությամբ: 20 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ այսօր ոստիկանությունը որակական փոփոխություններ է ապրում: Այսօր ուժը մղվել է հետին պլան, իսկ առաջևում՝ գիտելիքներն են և էթիկայի նորմերը»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









