«ԲՄՎ Իքս 5»–ի 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա հետիոտնին (լուսանկարներ, տեսանյութ)
Երեկ՝ հունիսի 20–ին, ժամը 22.30-ի սահմաններում վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 25 ԼԼ 525 համարանիշի ավտոմեքենայի վարորդը 28-ամյա Արսեն Ղազարյանը Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Գարեգին Նժդեհ 7 շենքի բնակիչ 45-ամյա Մարինե Շախգուլյանին։ Վերջինս փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն և օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո վերջինս տեղափոխվել է թիվ 6 հիվանդանոց, որտեղից էլ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել անձամբ Երևանի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը և Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանման վայր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









