«Օջախ» ռեստորանային համալիրի մոտ ջիպը բախվել է «Բարգավաճ Հայաստանի» ավտոբուսին. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12-ի սահմաններում Երևան –Աբովյան ավտոճանապարհին՝ «Օջախ» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել «Հոնդա Պասպորտ» մակնիշի 65 ՕՕ 558 համարանիշի և «ՊԱԶ» մակնիշի 242 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Կոտայքի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Հրանտ Ասրյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և անվճար ուսանողներ է տեղափոխում:
Այս պահին Ոստիկանությունը փորձում է ճշտել վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









