«Մոսկվիչը» հայտնվել է Ազատ գետում, վիրավորներին գետից դուրս են բերել գյուղացիներին ու ոստիկանները (լուսանկարներ, տեսանյութ)

20:44 • 22.06.12

Այսօր՝ հունիսի 22-ին, ճանապարհատրանսպորտային արտակարգ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ազատ Վարդապետյանը, վարելով «Մոսկվիչ-412» համարանիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Լանջազատ գյուղում Ազատ գետի վրայով անցնող կամրջից ընկել է և հայտնվել գետի մեջ։


Վթարի պահին նշված հատվածում, որը համարվում է հանգստի գոտի, իրենց ծառայությունն են կատարելիս եղել Ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները, ովքեր Լանջազատի գյուղացիների և գյուղապետ Հրայր Հակոբջանյանի օգնությամբ կարողացել են ջրից դուրս բերել վարորդին և վիրավորներ 53–ամյա Վիկտորյա Դանաչյանին և 35-ամայ Քրիստինե Քաջոյանին։


Վերջիններս տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։


Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախատրաստվում։


Դեպքի վայրում աշխատում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2–րդ դասակի տեսուչները՝ Ռոման Ասատրյանի գլխավորությամբ։


Քննիչի հանձնարարականով վթարի վայր է բերվել վերամբարձ կռունկ և քարշակ ավտոմեքենա, որպեսզի ավտոմեքենան ջրից դուրս բերվի և տեղափոխվի Արտաշատի բաժնի հատուկ պահպանման վայր։


Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ–փրկարարները։


Գագիկ Շամշյանը հայտնում է , որ նշված կամուրջը անբարեկարգ վիճակում է, և կամրջի կողքերում բացակայում են երկաթյա արգելապատնեշները, ինչին գյուղապետ պատասխանել է, որ կամուրջը նոր է կառուցվել, իսկ արգելապատնեշները դեռ նոր պետք է տեղադրվեն։
 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի