ՀՀ ԱԳ նախարարն երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում
Հունիսի 21-ին «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ԱԳ նախարարների հետ, այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և բարեփոխումները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման մասին:
Նախարար Պեյրիսն իր հայաստանյան գործընկերոջը հարվիրել է Շրի Լանկա:
Գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին:









