Ավելի շատ փորձում էին գեղեցիկ մտքեր շարադրելով ճռճռան ելույթներ ունենալ. Հովհաննես Սահակյան
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այն կարծիքին չէ, թե բովանդակային առումով՝ նոր որակի քննարկումներ են ծավալվում Ազգային ժողովում՝ ՀԱԿ-ՀՅԴ-«Ժառանգություն»-ԲՀԿ խմբակցությունների կողմից՝ Կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագրի քննարկման ընթացքում:
«Նայած, թե ինչ ասել է ՝«նոր որակ»: Եթե դա նշանակում է՝ գրանցվել և «թեժ» խոսել, ապա՝ այո, թեժ քննարկում եղավ ու լսեցինք անգամ՝ ճռճռան ելույթներ : Պետք է ասեմ, որ տպավորությունս այնպիսին էր, որ փորձում էին գեղեցիկ մտքեր շարադրելով, ճռճռան ելույթներ արտասանելով՝ ինչ-որ մի պլանկա վերցնել: Հավելեմ, որ կոնստրուկտիվ դաշտը՝ իրերն իրենց անուններով կոչելը, մեղմ ասած, մի քիչ բացակայում էր»,- Tert.am-ի հետ զրույցում այս կերպ բնութագրեց ընդդիմախոսների ելույթները ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ի պատասխան հարցին՝ բայց չէ՞ որ իշխող կուսակցությունը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է լսել քննադատություն, քանի որ «այն ձգող ուժ ունի», ՀՀԿ խմբակցության քարտուղարը կրկնեց, որ սկզբից մինչև վերջ լինելով դահլիճում՝ բացառությամբ մեկ-երկուսի, չի լսել որևէ բովանդակային քննադատություն:
Թե ովքե՞ր էին այդ «բովանդակային ընդդիմախոսները», Հովհաննես Սահակյանը նախընտրեց անուններ չնշել, նկատելով՝ «որպեսզի անուղղակի գովազդ չհնչի»:









