Սիրիայում ընթացող դեպքերը սպառնում են սիրիահայերի անվտանգությանը. արաբագետ

19:51 • 22.06.12

Լուսանկարը` Armenpress-ի

Սիրիայում ընթացող դեպքերը վտանգում են այնտեղ բնակվող հայերի անվտանգությունը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նա կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներով ցույց տար, որ կանգնած է սիրիահայ համայնքի կողքին:

«Դա պետք է զգար հենց այդ համայնքը: Նրանք ասում են, որ չեն զգում, որ կա պետություն, որը հնարավոր քաղաքացիական պատերազմի դեպքում կարող է իրենց օգնել»,- ասաց նա:

Արաբագետը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի սիրիահայերը ստիպված չլինեն վերադառնալ Հայաստան: Արաբագետը այն համոզմունքը հայտնեց, որ նրանց վերադարձով մենք կկորցնենք մեր ներկայությունը Սիրիայում:

«Եվ հետո մեր համայնքը դարեր շարունակ ապրում է Սիրիայում: Սիրիան իրենց հայրենիքն է: Հայ համայնքի ներկայացուցիչները ընդամնեը այդ երկրի քաղաքացիներ են և իրենց քաղաքական դիրքորոշումները տարբեր են: Մի մասը համակրում է իշխանությանը, մի մասը՝ ընդդմիությանը: Այնտեղ միատարր կարծիք գոյություն չունի, ինչը բերում է ներհամայնքային լարվածության»,- ասաց նա և ավելացրեց, վերջին հանգամանքը շատ վտանգավոր է:

Արաբագետը ՀՀ իշխանություններին հորդորեց դիրքորոշում հայտնել և անհապաղ ցույց տալ, որ հնարավոր վտանգի դեպքում մենք կաջակցենք մեր հայրենակիցներին:

«Բայց թե դա ինչպես պետք է արվի մասնագետնների քննարկման խնդիր է: Դեռ ուշ չի, բայց որոշ ժամանակ հետո գուցե անդառնալի հետևանքներ ունենա: Եկեք պայքարենք ոչ թե հետևանքների վերացման դեմ, այլ կանխենք հնարավոր հետևանքները»,- կոչ արեց արաբագետը: