Ավտովթար` Նալբանդյան փողոցում. հիվանդանոց են տեղափոխվել Մարկ Սաղաթելյանը և Գրիգոր Նազարյանը (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.30-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց, իրար են բախվել «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները:
Վթարից հետո «Ֆոլկսվագեն»-ը բախվել է նաև էլեկտրասյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ «Ֆոլկսվագեն»-ի միջից 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով վիրավորներից մեկը 41-ամյա Մարկ Սաղաթելյանն է, իսկ մյուսը` 41-ամյա Գրիգոր Նազարյանը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ «Ֆոլկսվագեն»-ը վարել է Գրիգոր Նազարյանը:
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, ուր տեղափոխվել են վիրավորները, Գագիկ Շամշյանին հայտնել են, որ վերոնշյալ երկու անձանց վիճակը գնահատվում է միջին ծանրության. նրանք ստացել են գլխի և մարմնի տարներ կոտրվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանը:
Տեղում էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները ու հրշեջ փրկարարները, քանի որ ահազանգ էր ստացվել ոստիկանություն, որ անհրաժեշտ է փրկարների օգնությունը, սակայն ավտովթարի վայրում փրկարարների կարիք չի զգացվել. մինչ փրկարարների ժամանումը` վիրավորներին ավտոմեքենայից հանել են քաղաքացիները և ՃՈ աշխատակիցները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի









